Հասարակական

Կերակրողին կորցնելու նպաստ ստացող ուսանողների տարիքային շեմը բարձրացվեց 26-ի

2 րոպեի ընթերցում

Կերակրողին կորցնելու նպաստ ստացող ուսանողների տարիքային շեմը բարձրացվեց 26-ի

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Նարեկ Զեյնալյանը։

Կոնջորյանը նշել էր, որ կերակրողին կորցրած ուսանողները, որոնք սովորում են առկա ուսուցմամբ բուհերում, գործող օրենսդրությամբ կարող են ստանալ կերակրողին կորցնելու աշխատանքային կենսաթոշակ և կերակրողին կորցնելու նպաստ և այդ իրավունքը կարող են պահպանել մինչև 23 տարեկանը: Այս դրույթը հաստատվել է՝ ելնելով նախկինում գործող 10-ամյա միջնակարգ կրթության և մեկաստիճան բարձրագույն կրթության համակարգից: 2004 թ. ՀՀ-ում անցում է կատարվել երկաստիճան բարձրագույն կրթության համակարգի, իսկ 2009 թ. անցում է կատարվել 12-ամյա միջնակարգ կրթության, որի արդյունքում նշված իրավունքից օգտվող ուսանողները ոչ թե 23 տարեկանում են ավարտում բուհը, այլ ավելի ուշ: Նախագծի նպատակն է շտկել օրենսդրության մեջ գոյացած այն բացը, որի արդյունքում երեխաների մի մասը զրկվել է օրենսդրությամբ օժտված իրավունքից, և տարիքային շեմը 23-ից բարձրացնել 26-ի:

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 116 «կողմ» ձայնով:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում