ԵԱՏՄ անդամ երկրների հետ կքննարկվի անհրաժեշտ ապրանքների մաքսատուրքերը զրոյացնելու հարցը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՏՄ անդամ երկրների հետ կքննարկվի և համապատասխան որոշում կկայացվի սոցիալական և տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափը զրոյացնելու կամ նվազեցնելու հարցը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
«ԵԱՏՄ-ի շրջանակում առաջարկ կներկայացվի, որ որոշ ապրանքատեսակների ներմուծումը, որոնք օգտագործվում են արտադրության մեջ և ունեն թե տնտեսական, թե սոցիալական նշանակություն, կամ զրոյանա, կամ մաքսատուրքերն իջեցվեն։ Դա թույլ կտա խթանել արտադրությունը, արդյունաբերությունը և նաև կունենա սոցիալական նշանակություն»,- ասաց Սիմոնյանը։
Նախարարի տեղակալը նշեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը բիզնես ներկայացուցիչների հետ քննարկում է, թե ինչպիսի ապրանքատեսակներ, բաղկացուցիչ մասեր, հումքի ինչ տեսակներ են անհրաժեշտ նրանց և կարող են ունենալ մեծ նշանակություն արտադրության մեջ։
«Այդ ապրանքների ցանկը կկազմվի, կքննարկվի ԵԱՏՄ-ը անդամ երկրների հետ և համապատասխան որոշումներ կկայացվեն»,- ասաց Սիմոնյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի կառավարության կողմից արդեն իսկ նախաձեռնվել էր բժշկական արտադրատեսակների և անհատական պաշտպանիչ միջոցների ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը զրոյացնելու որոշումը, որն ընդունվել էր ԵԱՏՄ երկրների կողմից։ «Բացի բժշկական նշանակության ապրանքներից և անհատական պաշտպանիչ միջոցներից, ինչպես նաև դեղորայքի արտադրության համար նյութերից, նաև զրոյացվեցին գյուղատնտեսական նշանակության և պարենային ապրանքներ մաքսատուրքի դրույքաչափերը»- հավելեց Վարոսյանը։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Կարեն Խաչատրյան