Տնտեսություն

Կառավարությունը 536 գյուղատնտեսի կտրամադրի վարկեր կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը 536 գյուղատնտեսի կտրամադրի վարկեր կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառման համար դիմել է շուրջ 540 գյուղատնտես, և նրանցից 536-ի դիմումները բավարարվել են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

«2-րդ միջոցառման նպատակն է պահպանել և հզորացնել գյուղատնտեսական կարողությունները։ Միջոցառումների 2-րդ ծրագրով գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի և գյուղատնտեսական լիզինգի համար բոլոր ծրագրերով և բոլոր սուբյեկտների համար տոկոսադրույքները զրոյացվել են, այսինքն՝ պետությունն ամբողջությամբ սուբսիդավորելու է վարկերի տոկոսադրույքները»,- նշեց Ավանեսյանը։

2-րդ ծրագրով գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման համար նույնպես սահմանվում են 0% տոկոսադրույքով վարկեր և բացի այդ դրան ավելանում է պետական համաֆինանսավորում՝ 10-70 տոկոսի չափով՝ կախված վարկի նպատակից։

Խոզաբուծության և թռչնաբուծության ոլորտներին տրամադրվող վարկերի համար 0% տոկոսադրույքով վարկերից զատ ևս հնարավորություն է տրվում 30% համաֆինանսավորման գործիքով նվազեցնել բանկի համար ռիսկը՝ խթանելով տվյալ գյուղատնտեսական ուղղությունների զարգացումը։ Գյուղատնտեսության ոլորտում ֆիզիկական անձանց միկրովարկավորման համար ևս սահմանվել է 0% տոկոսադրույք։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար գործարկել է 12 միջոցառում։

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում