Թոքերի արհեստական օդափոխման 10 սարք վերականգնվել և պատրաստ է շահագործման

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս պահին ունի թոքերի արհեստական օդափոխման 10 վերականգնված սարքեր, որոնք պատրաստ է տրամադրել Առողջապահության նախարարությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նա նախ նշեց, որ իրենց կոչից հետո իսկապես շատ լավ արձագանքներ են եղել, 280-ից ավելի նամակներ են ստացվել էլեկտրոնային հասցեին: «Դրանք արդեն իսկ ուսումնասիրվել և դասակարգվել են վերջին օրերի ընթացքում, և կարող ենք արձանագրել, որ տարբեր տեղերից հայտնաբերված և նախարարությանը տրամադրված 10 սարք ունենք այս պահին, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման: Անհրաժեշտության դեպքում դրանք կարող ենք տրամադրել Առողջապահության նախարարությանը: Այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում, ամեն օր զանգեր ու նամակներ ենք ստանում կամ որևէ մեկի տանը, կամ որևէ հիվանդանոցում դուրս գրված և չշահագործվող անսարք սարքերի մասին, որոնք տրամադրում ենք ինժեներական ասոցիացիային՝ ինժեներական քաղաքին: Նրանք դա վերանորոգում և բերում են աշխատանքային վիճակի»,-ասաց նախարարը:

Նախարարությունը նաև տասնյակ նամակներ է ստացել ԱՄՆ-ի, Լիբանանի, Ռուսաստանի, Գերմանիայի մեր հայրենակիցներից: Նրանք անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնություն տրամադրել հայաստանցի ինժեներներին՝ միջազգային փորձանմուշներ ստանալու, մասնագիտական խորհրդատվություն տալու համար:

Արշակյանը նաև շեշտեց, որ այս օրերին տարբեր մարդկանց կողմից տասնյակ նյութեր են շրջանառվում թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ: Նա նկատեց՝ որոշները լուրջ սարքեր են, բայց մեծամասնությունը 3D պրինտերով տպած սարքեր են, որոնք մեծ մասամբ չեն լուծում դրված խնդիրները: «Սարքերն իրականում պետք է ունենան արձագանքման համակարգեր, տարբեր տեսակի տվիչներ, սենսորներ, որոնք գնահատում են պացիենտի վիճակը և գործում են ըստ դրա: Այսինքն՝ այդ սարքերը պետք է ունենան ամբողջական արձագանքման և չափման համակարգեր, որպեսզի ավելի չվատթարացնեն կամ հիվանդի կյանքին վտանգ չսպառնան: Այդ սարքը միայն պոմպի դեր չի կատարում, միայն օդ չի մղում և արտամղում, դա ամբողջությամբ փոխարինում է շնչառական համակարգին և անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի, ինդիկատոր միանա բժիշկներին»,-ասաց Արշակյանն ու կոչ արեց հարցին լուրջ վերաբերվել, դա մեկ շաբաթում կամ նույնիսկ մեկ ամսում լուծվող հարց չէ:

Հակոբ Արշակյանն ապրիլի 5-ին հայտնել էր, որ թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր այս օրերին ինժեներների ջանքերի շնորհիվ վերանորոգվել են և պատրաստ են շահագործման։

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները