Հասարակական

ԿԳՄՍՆ-ն պատրաստել է թեմատիկ պլաններին համապատասխան ավելի քան 95 տեսադաս

3 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ-ն պատրաստել է թեմատիկ պլաններին համապատասխան ավելի քան 95 տեսադաս

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամանակ հեռավար դասընթացների անցկացման շրջանակում պատրաստել է թեմատիկ պլաններին համապատասխան ավելի քան 95 տեսադաս։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք մի շարք ուղղություններով քայլեր ենք ձեռնարկել կրթության շարունակականությունն ապահովելու համար։ Քայլերը հիմնականում ուղղված են եղել հեռավար ուսուցման հասանելիության բարձրացմանը, անհրաժեշտ բովանդակության պատրաստմանը և ուսուցիչներին աջակցությանը, ինչպես նաև գործընթացի մեթոդական կարգավորմանը։ Մենք համագործակցում ենք Հանրային հեռուստաընկերության հետ, որի շրջանակում ամեն օր առավոտյան 8։30-ից եթերում են հանրային դասերը։ Այստեղ աշխատում ենք ներառել այնպիսի թեմաներ, որոնք կարող են հետաքրքիր լինել հանրության լայն խմբերին, ինչպես, օրինակ, մասնագիտական կողմնորոշման, ֆինանսական գործիքների օգտագործման և այլ թեմաներով։ Արձագանքները ցույց են տալիս, որ մենք ունենք շատ լայն լսարան, որն այդ կրթական բովանդակությունը բավականին համարժեք է գնահատում։ Հանրային դասերը շարունակվում են նաև 11։30-12։40­ը, որի ընթացքում առանցքում բնագիտական առարկաներն ու մաթեմատիկան են ավագ դասարանների համար»,- նշեց Անդրեասյանը։

Նա հավելեց, որ միևնույն ժամանակ իրենք պատրաստել են ավելի քան 95 թեմատիկ պլաններին համապատասխան տեսադասեր, որոնք հասանելի են ԿԳՄՍ նախարարության Youtube-ի, ինչպես նաև «Ֆեյսբուք»-ի էջերում։

Գերատեսչությունը համագործակցում է Հայաստանում գործող մի քանի կապի օպերատորի հետ, որոնց շնորհիվ աշակերտները կարողանում են անվճար նայել բոլոր տեսադասերն ու բեռնել դրանք։

«Մենք աշխատում ենք նաև մարզային հեռուստաընկերությունների հետ, և տեսադասերը հասանելի են նաև այդ ՀԸ-երի եթերում, ինչը մեզ թույլ է տվել ապահովել ավելի լայն լսարան։ Այսպիսով, մարզերում ապրող այն ուսուցիչներին ու աշակերտներին, որոնք չունեն համակարգիչ կամ պլանշետ, հնարավորություն է տրվում այս կերպ դիտել մեր պատրաստած տեսադասերը»,- ընդգծեց Ժաննա Անդրեասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում