1 միլիարդ դրամ կազմում է միայն բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների ֆոնդը․ պարզաբանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է պարզաբանումը․

«Հարգելի գործընկերներ,

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 6-ի ֆեյսբուքյան ասուլիսում արած հայտարարության հետ կապված, ըստ որի՝ բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրումների ընդհանուր ֆոնդը կազմում է 1 միլիարդ դրամ, տարբեր անձանց կողմից ներկայացվում են մանիպուլյատիվ մեկնաբանություններ և տեղեկատվություն:

Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ վարչապետը խոսել է բացառապես բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների մասին, այլ ոչ թե ընդհանուր պետական կառավարման համակարգի աշխատակիցների:

Ինչպես հայտնի է, նախորդ տարվանից սկսած բոլոր նախարարությունների և գերատեսչությունների աշխատակիցների պարգևատրման համար պետական բյուջեով նախատեսվել են հատկացումներ՝ տվյալ գերատեսչության աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով, որոնք հատկացվում են պետական կառավարման համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ սկսած ամենակրտսեր պաշտոններ զբաղեցնող անձանցից, վերջացրած բարձրաստիճան պաշտոնյաներով: Այսինքն, պարգևավճարները տրամադրվում են մեր հազարավոր քաղաքացիներին: Ընդհանուր առմամբ, այո, պետական կառավարման համակարգում պարգևատրումների ֆոնդը տարեկան կազմում է ավելի քան 25 միլիարդ դրամ, որի ընդամենը նվազագույն մասն է միայն ուղղվում բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախարարների, փոխնախարարների և գլխավոր քարտուղարների պարգևատրմանը:

Վարչապետը բազմիցս հրապարակային հայտնել է իր դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ և հռչակել քաղաքական կուրս, ասելով նաև, որ պետք չէ նախարարին մեղադրել կենսաթոշակառուից բազմապատիկ անգամ ավել աշխատավարձ ստանալու մեջ, քանզի նախարարի աշխատանքի որակից է կախված թոշակառուի հետագա բարեկեցության մակարդակը:

Հիշեցնենք նաև, որ հեղափոխությունից հետո՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում, Հայաստանում հարյուր հազարավոր քաղաքացիների աշխատավարձների, թոշակների, նպաստների բարձրացումներ են տեղի ունեցել, պրոցեսը շարունակվում է։

Հորդորում ենք այս և այլ հարցերի շուրջ զերծ մնալ մանիպուլյատիվ մեկնաբանություններից և կեղծ տեղեկատվություն ներկայացնելուց:

Երեկ ուղիղ եթերում վարչապետն ընդգծել էր, որ իր որոշմամբ մարտ ամսվա համար պետական բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստացել:

Այնուամենայնիվ, անդրադառնալով պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը պարգևավճարների հաշվին՝ վարչապետը հիշեցրել էր, որ նախկինում, որպես ընդդիմադիր գործիչ, պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, պարգևավճարները ցինիզմ է որակել, քանի որ այդ բոլոր պաշտոնյաներին տրված է եղել արտոնություն՝ կաշառքներով, հովանավորչությամբ, կոռուպցիոն այլ լծակներով փողեր աշխատել և ըստ էության թալանել երկիրը: «Այժմ պետական կառավարման համակարգի առաջ դրված է խստագույն խնդիր և յուրաքանչյուրը գիտի, որ կոռուպցիայում ներգրավվելու պարագայում կպատժվի: Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության շնորհիվ է նաև հնարավոր եղել 1 մլն 90 հազար մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ բարձրացրել, 2018-ից ի վեր Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ավելացնել 1 մլրդ 100 մլն դոլարով:

Կարծում եմ, որ մենք հիմա պետք է ազնիվ, արդար պետական ծառայության վարկանիշը բարձրացնենք: Պետական կառավարման համակարգում պետք է աշխատավարձերի շարունակական բարձրացում տեղի ունենա, որովհետև բազմաթիվ խնդիրներ չեն լուծվում մի պարզ պատճառով, որ անհրաժեշտ մասնագիտական հմտություն ունեցող կադրեր հաճախ հնարավոր չի լինում ներգրավել պետական կառավարման համակարգ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը»:

Հայերեն Русский

Առևտրային պատերազմը չի բխում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ ԵՄ-ի շահերից. Իսպանիայի վարչապետ

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իր անելիքները ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Մոնակոյի իշխանին

Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Երևանի քաղաքապետարանը առաջիկա ավագանու նիստում կքննարկի միասնական տոմսային փաթեթների սակագների վերանայման հարցը

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Ֆոն դեր Լայենը ԵՄ-ին կոչ է արել հրաժարվել ռուսական էներգառեսուրսներից

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

ԵՄ-ն արդեն 134 միլիարդ եվրո է ծախսել Ուկրաինային աջակցության վրա և հավատում է Կիևի հաղթանակին. Կալաս

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը մեծ ակնկալիքներ ունի Երևանում կայանալիք ԱԱ-ից