Հասարակական

Ազգային ժողովը համակարգիչներ տրամադրեց Գեղարքունիքի մարզի 42 բազմազավակ ընտանիքների

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը համակարգիչներ տրամադրեց Գեղարքունիքի մարզի 42 բազմազավակ ընտանիքների

ԳԱՎԱՌ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի փոխադարձ համաձայնությամբ՝ ապրիլի 3-ին ՀՀ ԱԺ պահուստային ֆոնդի համակարգիչներից 42-ը ներկրվեց Գեղարքունիքի մարզ՝ բազմազավակ ընտանիքներին հեռավար ուսուցման մեջ ներգրավելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ներկրված համակարգիչները նախատեսված է տրամադրել մարզի 36 հանրակրթական դպրոցներին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին հատկացնեն 4 եւ ավելի դպրոցահասակ երեխա ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ՝ արտակարգ դրության ժամանակ հեռավար ուսուցումը կազմակերպելու համար: Բազմազավակ ընտանիքների ցանկը մարզպետարան է ներկայացվել օրերս՝ հանրակրթական դպրոցների կողմից: Համակարգիչները բաշխեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության աշխատակիցները, դրանք ստացան 36 հանրակրթական դպրոցների տնօրենները:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի տեղեկացմամբ՝ ՀՀ ԱԺ-ում նախատեսվել է առաջիկայում եւս հերթական խմբաքանակ տրամադրել մարզին: Իսկ հեռավար ուսուցման ավարտից հետո ՀՀ կառավարության որոշմամբ այդ համակարգիչները կվերադարձվեն դպրոցներին՝ համակարգչային դասընթացների օգտագործման համար:

Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզում տեխնիկական միջոցների անհրաժեշտություն ունի 1116 բազմազավակ ընտանիք, որոնցից 113-ը ունեն 4 եւ ավելի դպրոցահասակ երեխաներ: Նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ առաջիկայում հնարավոր կլինի մի քանի փուլով բավարարել մարզում առկա պահանջարկը: Այս մասին նշեցին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում