Վրաստանում կորոնավիրուսի տարածման պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսից. ՌԻԱ Նովոստի
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում կորոնավիրուսի տարածման պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսից. ՌԻԱ Նովոստի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1010987.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կորոնավիրուսի տարածման պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
«Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մոտավորապես մինչև ապրիլի 10-ն իրավիճակը վերահսկելի կլինի, թեպետ վարակվածների թիվը կաճի: Սպասվում է, որ բռնկման պիկը կլինի ապրիլի երկրորդ կեսին»-նշել է նախարարը:
Նրա խոսքով, զարգացող սցենարում գլխավոր դեր ունի կառավարության և քաղաքացիների համատեղ աշխատանքի արդյունավետությունը: Նախարարը նաև նշել է, որ Վրաստանի սահմաններից դուրս իրենց քաղաքացիների մոտ գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 35 դեպք: Նրանցից 5-ը մահացել է:
Վրաստանի իշխանությունները մինչև ապրիլի 21-ը հայտարարել են արտակարգ դրություն՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Ավելի ուշ մտցվել է համընդհանուր կարանտին, սահմանվել է պարետային ժամ երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 6:00-ն:
Վրաստանում կորոնավիրուսի վարակվածության հաստատված 130 դեպք կա: