ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 28-ին, ժամը 19:43-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին «Nissan» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 17-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վաչագան Գ., ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Ալիկ Պ.-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն ուղևորի առողջական վիճակը գնահատել են բավարար: Վարորդը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարներն ուղղել և հոսանքազրկել են ավտոմեքենան: