ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ցանկություն ունի խաղերն անցկացնել 2021 թվականի ամռանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ճապոնական Kyodo գործակալությունը: Կազմկոմիտեն հույս է հայտնել, որ ժամանակացույցի վերբերյալ վերջանական որոշում կկայացնի գալիք շաբաթ:
Ավելի վաղ` Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նշել էր, որ Ճապոնիայի իշխանությունների հետ համաձայնության են եկել հետաձգել խաղերը մինչև մեկ տարի, ինչ նշանակում է, որ խաղերը կարող են անցկացվել նաև գարնանը:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Դրանք կկայանան 2021 թվականին:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք պետք է մեկնարկեին 2020-ի հուլիսի 24-ին և եզրափակվեին օգոստոսի 9-ին: Խաղերը հետաձգվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: