Պաշտոնական

Հրատապ աջակցության կարիք ունեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հրատապ աջակցության կարիք ունեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մասնավորապես, քննարկվել են սոցիալական առանձին խմբերի համար ստեղծված իրավիճակի մեղմման ուղղությամբ հետագա քայլերը, օժանդակության գործիքները և մեխանիզմները: Ամփոփվել են նախորդ քննարկման ժամանակ հնչած գաղափարները, ներկայացվել են կառավարության կողմից երեկ ընդունված սոցիալական աջակցության փաթեթի շահառուների շրջանակի ընդլայնմանը միտված մի շարք առաջարկություններ:

Վարչապետն անդրադարձել է այսօր քաղաքացիների հետ իր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում շոշափված հարցերին և արձանագրել, որ հիմա հրատապ աջակցության կարիք ունեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները, որոնք էլ պետք է լինեն առաջնահերթ թիրախը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել միջգերատեսչական աշխատանքը գեներացված գաղափարների լրամշակման ուղղությամբ և դրանց հիման վրա կիրակի օրը քննարկման ներկայացնել սոցիալական աջակցության միջոցառումների փաթեթի ընդլայնման, հասարակության առանձին շերտերին օժանդակության տրամադրման նախագիծ:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև կառավարության կողմից երեկ հաստատված տնտեսական և գյուղատնտեսական աջակցության ծրագրերի իրականացման կարգին վերաբերող հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում