Մշակույթ

Պետական սիմֆոնիկ նվագախումբը կորոնավիրուսի տարածման հետևանքով համերգները հեռարձակում է առցանց

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի մշակութային օջախները չեղարկել կամ հետաձգել են իրենց ծրագրերը։ Ստեղված իրավիճակը ստիպում է նվագախմբերին, թատրոններին, թանգարաններին և մշակութային այլ հաստատությունների հանրության հետ շփման ուրիշ ձևաչափեր փնտրել։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասաց, որ կորոնավիրուսային հիվանդության տարածման պատճառով ստիպված են եղել հետաձգել Հասմիկ Պապյանի և երիտասարդ օպերային երգիչների համատեղ համերգը, «Beethoven Pastoral Project»-ի շրջանակներում նախատեսված Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված համերգը, որի ընթացքում նվագախմբի հետ պետք է ելույթ ունենար պատանի դաշնակահար Դմիտրի Իշխանովը։ Հետաձգվել է նաև Հայաստանում տեղի ունենալիք աննախադեպ մի ծրագիր՝ «Արտիստը» ֆիլմի ցուցադրումը, որն ուղեկցվելու էր տեղում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից ֆիլմի երաժշտության կենդանի կատարմամբ։

Դաշնամուրային ամբողջ հատվածը նվագելու էր հատուկ հյուր, «Արտիստը» ֆիլմի կոմպոզիտոր, օսկարակիր Լյուդովիկ Բուրսը։ Նման ձեւաչափով համերգ Հայաստանում առաջին անգամ էր տեղի ունենալու։

Սմբատյանը հայտնեց, որ այլ ծրագրեր, հայտնի մենակատարների, դիրիժորների հետ պայմանավորվածություններ նույնպես հետաձգվել են, բայց խոստացավ, որ դրանք կյանքի կկոչվեն արտակարգ դրության ավարտից ու կորոնավիրուսի վտանգը հաղթահարելուց հետո։

Դիրիժորը նկատում է, որ իրենք այս օրերին շփումը երաժշտասերների, հանրության և իրենց հավատարիմ ունկնդիրների հետ իրականացնում են առցանց հարթակում՝ օգտագործելով սոցիալական ցանցերի հնարավորությունները։ «Մենք մեր համերգների մեծ մասը ձայնագրում, տեսագրում էինք և ունենք հարուստ ձայնադարան, տեսադարան։ Հաճախ նաև կազմակերպում էինք մեր համերգների օնլայն հեռարձակում։ Այնպես որ, հանրության հետ հեռավար շփումը մեզ համար նոր պրակտիկա չէ։ Այս օրերին մեր առցանց հարթակներում արդեն ներկայացրել ենք հատվածներ տարբեր համերգներից, ամբողջական համերգներ ենք հեռարձակել։ Այս պրակտիկան շարունակվելու է, և մենք պահպանելու ենք կապը դասական երաժշտության սիրահարների հետ»,- ասաց Սմբատյանը՝ հավելելով, որ օրերս medici.tv-ով հեռարձակվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ջութակահարուհի Շուշան Սիրանոսյանի և թավջութակահար Մարիո Բրունելոյի համատեղ համերգը, որի ծրագրում ներկայացված էին Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։

Դիրիժորի խոսքով՝ կորոնավիրուսը համաշխարհային մարտահրավեր է նետել տնտեսության, մշակույթի բոլոր ճյուղերին, և բոլորը պետք է փորձեն ճկուն լինել ու ստեղծված պայմաններում գործուն մեխանիզմներ կիրառել։ Նա պատահական չի համարում այն փաստը, որ տարբեր երկրներում ինքնամեկուսացած, կարանտինի պայմաններում գտնվող մարդիկ իրար ոգևորում, քաջալերում են երաժշտական կատարումներով. երաժշտությունն, ըստ Սմբատյանի, հանգստացնող, ամոքիչ մեծ ուժ ունի, ուստի խորհուրդ է տալիս այս օրերին հաճախ լսել դասական երաժշտություն։

Հեռավար տարբերակով է անցկացվում ԴասԱ ծրագիրը։ Նվագախմբի երաժիշտները դասական երաժշտության մասին դասընթացներ են անցկացնում աշակերտների համար։ Առցանց հարցեր են ուղղվում նվագախմբի ղեկավարին, որոնք հավաքվում են և առաջիկայում կստանան իրենց պատասխանները։

Սերգեյ Սմբատյանը նշում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները պարբերաբար հանձնարարություններ են ստանում և իրենց պարապմունքները շարունակում են տանը։

Դիրիժորն առողջություն է մաղթում բոլորին՝ հույս հայտնելով, որ իրավիճակը շատ շուտով կշտկվի, եւ երաժիշտներն ու երաժշտասերները կկարողանան վերադառնալ համերգասրահներ։

Հայերեն Русский

Ադրբեջանական զինուժը կրկին կրակել է Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ

Մաքսային մարմինն արտահանման գործընթացը հունիսի 1-ից կսպասարկի շուրջօրյա` 24/7 ռեժիմով

Ռուսաստանը քննարկում է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում ռազմաբազայի ստեղծումը

Ստամբուլում կայանալիք բանակցություններին կմասնակցեն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները. Քելոգ

ԱՄՆ-ն ակնկալում է շարունակել ՀՀ-ի հետ սերտ համագործակցությունը՝ տարածաշրջանային բարեկեցությունն ու անվտանգությունը խթանելու ուղղությամբ

Ջերմուկում ընթանում է Ստեփան Ավագյանի շախմատի հուշամրցաշարը

Միքայել Վարդանյանը նորածնային 3 ռեանիմոբիլ և բուժսարքեր է նվիրել «Մուրացան» հիվանդանոցին

«Երևանյան բեսթսելեր». «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2025

Մասկը կմնա Թրամփի վարչակազմում ոչ պաշտոնական խորհրդականի դերում. ABC News

Մեզ համար այս մրցաշրջանն անթերի էր. «Նոա»-ի գլխավոր մարզչի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին