Պաշտոնական

Տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը

2 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ընթացքում ղեկավար պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մարտի 20-ին տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, Տիգրան Ավինյանը ասել է.

«Սկսում ենք պարետատան հերթական հավաքը: Նախևառաջ ցանկանում եմ շնորհավորել մեր գործընկեր ԱԳ նախարար պարոն Զոհրաբ Մնացականյանին ծննդյան կապակցությամբ: Պարոն Մնացականյան, շնորհակալություն Ձեզ,և արտաքին գործերի նախարարության ամբողջ աշխատակազմին, մեր դեսպաններին, մեր դիվանագետներին իրենց բարձրորակ աշխատանքի համար մանավանդ այս ծանր շրջանում:

Այսօր մենք կքննարկենք տարբեր գերատեսչությունների կողմից առաջարկվող հարցեր, խնդիրներ ու լուծումներ: Կքննարկենք նաև որոշակի նոր միջոցառումներ, որոնք նախատեսվում է շատ կարճ ժամանակամիջոցում ներմուծել: Խոսքը գնում է, մասնավորապես, տարեցներին ու նրանց ապրելակերպին վերաբերող հարցերի, նրանց համար որոշակի հնարավորությունների սահմանման ու որոշակի ռիսկերից նրանց պաշտպանելու միջոցառումների մասին»:

Արտադրական ընկերությունների բնականոն աշխատանքը կազմակերպելու նպատակով քննարկվել է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի միջև շրջանառության համար թույլատրելի ապրանքների և հումքատեսակների ցանկի ընդլայնման հարցը:

Հաշվի առնելով, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուների բնակության վայր ու փոխանցեն կենսաթոշակները, կարևորվել է փոստատարների անվտանգության ապահովումը և սանիտարահիգիենիկ պաշտպանիչ միջոցներով հագեցվածությունը:

Անդրադարձ է կատարվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների կիրառմանը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում գործատու-աշխատակից փոխհարաբերությունների կարգավորմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում