Հասարակական

Նախարարն աշակերտներին աղետներին դիմակայելու վերաբերյալ գիտելիք տալու անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Նախարարն աշակերտներին աղետներին դիմակայելու վերաբերյալ գիտելիք տալու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն աշակերտներին աղետներին դիմակայելու վերաբերյալ գիտելիք տալու անհրաժեշտություն է տեսնում:

Հարությունյանն այս մասին ասաց մարտի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան:

«Մենք անհրաժեշտություն ենք տեսնում նման գիտելիք տալու և ավելի խորացված գիտելիք տալու մեր աշակերտներին: Որ առարկայի շրջանակում դա կլինի, առանձին առարկա կլինի, թե ինտեգրված գիտելիք լինի, դա քննարկման փուլում է: Մենք անպայման դա դիտարկելու ենք և դիտարկում ենք: Ես առանձին քննարկումներ եմ ունեցել նաև Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Այս խնդիրը արդիական է, և մենք այդտեղ պետք է միանշանակ լուծումներ տանք: Այսպիսի իրավիճակներն են ցույց տալիս այն բացերը, որոնք կան գիտելիքի և հմտությունների առումով, և այսպիսի իրավիճակներն են, որ հնարավորություն են ստեղծում մշակելու, լրամշակելու, նոր ծրագրեր առաջ տանելու համար»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և հիվանդանոցից դուրս է գրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում