Պաշտոնական

Կառավարությունը ձևավորելու է կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը հակազդելու օպերատիվ խումբ

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը ձևավորելու է կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը հակազդելու օպերատիվ խումբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մարտի 14-ին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի տնտեսության վրա կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված բացասական հետևանքների հակազդման քաղաքականության փաթեթի մշակման վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետը ասել է․ «Ինչպես գիտեք նոր տեսակի կորոնավիրուսը բացի մարդկային կյանքերին ու առողջությանը վնաս հասցնելուց, նաև էական վնասներ է հասցնում համաշխարհային տնտեսությանը, ինչպես նաև ամեն առանձին երկրում որոշակի խնդիրներ և բացասական երևույթներ առաջանում են: Եվ, մասնավորապես, Հայաստանում դա շատ տեսանելի է զբոսաշրջության ոլորտում, որը բնական է:

Այսօր մենք կքննարկենք այն առաջարկները, որոնք ձևավորվել են տարբեր գերատեսչությունների կողմից: Կարծում եմ շատ կարճ ժամկետներում կամբողջականացնենք գործողությունների ծրագիր, որը մեզ հնարավորություն կտա որոշ չափով կանխարգելելու և մեղմելու հետևանքները, ինչպես նաև հեռանկարում որոշակի հնարավորություններ ստեղծելու:

Բայց սոցիալ-տնտեսական հարցերից զատ, կուզնայի նաև ներկաներին տեղեկացնել այն աշխատանքների վերաբերյալ, որոնք իրականացվում են, կարելի է ասել, 24-ժամյա ռեժիմով։ Բոլորդ արդեն տեղեկացել եք նոր հայտնաբերված դեպքերի վերաբերյալ և այդ դեպքերը հիմնականում կրկին այն շրջանակից են, որոնք գտնվել են կարանտինի մեջ և հայտնի նշանդրեքի մասնակիցներ են։

Ձևավորում է մեկ ընդհանուր շտաբ Առողջապահության նախարարության, ուժային կառույցների, տեսչական մարմնի աշխատակիցների մասնակցությամբ, որը զբաղվում է որոնողական աշխատանքներով և այս պահի դրությամբ բավականին արդյունավետ այդ աշխատանքները իրականցվում են։ Մեր գրասենյակը, Առողջապահության նախարարությունը ու Արտաքին գործերի նախարարությունը կրկին ամենօրյա ռեժիմով աշխատանքի մեջ են լինելու»։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության վրա պոտենցիալ ազդեցությունները հնարավորինս ամբողջական ծավալով բացահայտելուն և գնահատելուն ուղղված աշխատանքները։ Մանրամասն անդրադարձ է կատարվել իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներից կախված՝ կարճաժամկետ ու միջնաժամկետ կտրվածքով սոցիալ-տնտեսական խթաններին ու գործիքներին։ Մասնակիցները ներկայացրել են նախնական առաջարկություններ, և որոշվել է, որ փոխվարչապետի գրասենյակի ներքո կձևավորվի տնտեսական օպերատիվ խումբ՝ ամենօրյա ռեժիմով աշխատանքները շարունակելու և գործողությունների միասնական փաթեթ ներկայացնելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում