Հասարակական

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրով ՀՀ-ն կկապվի աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ

4 րոպեի ընթերցում

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրով ՀՀ-ն կկապվի աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ ծրագիրը կնպաստի տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դառնալուն:

Արդյունքում 2020 թ. 45 հայ ձեռներեց հնարավորություն կստանա հատուկ մասնագիտական ծրագրերով այցելել Սիլիկոնյան հովիտ՝ «գիտության և նորարարությունների կենտրոն», ստանալու ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքներ, արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպելու ներդրողների և վենչուրային կապիտալիստների հետ:

«Ծրագրի միջոցով Հայաստանը հնարավորություն է ստանում կապվելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով սփյուռքի ներուժը: Ծրագրի կարևորագույն բաղադրիչը Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական ներկայացվածության ապահովումն է: Այդ նպատակով Սան Խոսե քաղաքում վարձակալվելու է մինչև 250 քմ տարածքով բնակարան, որտեղ «Վիրտուալ կամուրջ» ծրագրի միջոցով Սիլիկոնյան հովիտ այցելած մասնակիցները 3 շաբաթ կաշխատեն, հանդիպումների կմասնակցեն և կապրեն այդ կենտրոնում: Սա նոր կապեր ստեղծելու և մշտական հայկական տեխնոլոգիական ներկայացվածությունը ապահովելու լավագույն միջոց է: Ծրագրի շրջանակում 15 ստարտափերները և ձեռներեցները, անցնելով հատուկ մրցութային փուլ, հնարավորություն են ունենալու 7 շաբաթ տևողությամբ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ անցնելու Սիլիկոնյան հովտի թոփ ձեռնարկատիրական՝ «Դրեյփերի համալսարանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արշակյանը:

Այս համագործակցության առավելությունը կայանում է նրանում, որ դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները իրենց արտադրանքները կներկայացնեն «Դրեյփեր Վենչուր նեթվորկի» հիմնադիր Թիմ Դրեյփերին և իր թիմին՝ բացառիկ հնարավորություն ստեղծելով հայ ստարթափերների համար ներգրավելու ներդրումներ համաշխարհային ճանաչում ունեցող ներդրումային ընկերություններից: 2020 թ. փետրվարի 13-ին տեղի է ունեցել Դրեյփերի համալսարանի գարնան շրջանի դասընթացների համար ընտրության փուլը, որն անցկացնելու համար հատուկ Հայաստան են ժամանել համալսարանի նախագահը, ընտրող հանձնաժողովի նախագահը և ծրագրի ղեկավարը: Ստացված ընդհանուր 109 հայտից հաղթող է ճանաչվել 5 ձեռներեց. նրանք կստանան 100 տոկոս ամբողջական պետական կրթաթոշակ: Եվս 3 գաղափարների հեղինակների հաճելի անակնկալ է մատուցել Դրեյփերի համալսարանի նախագահը. հաշվի առնելով մասնակիցների նորարարական մտածողությունը և գաղափարների զարգացման ներուժը՝ տրամադրել են կրթաթոշակի 50 տոկոսը Դրեյփերի համալսարանում սովորելու:

Բարձր գնահատելով այս ծրագրի կարևորությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել հոգալու ևս 3 հաղթողների հավելյալ ուսման վարձի 50 տոկոսը: 2020 թ. նախատեսվում է նմանատիպ ևս 2 մրցույթ՝ ընտրելով 5-ական ձեռներեցների: Ծրագիրն անմիջականորեն իրականացվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ։ Ծրագրի շրջանակում իրականացվող ամբողջ լոգիստիկ, կազմակերպչական և բովանդակային հարցերը կարգավորվելու են ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի կողմից: Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականից, ինչի համար ՀՀ պետական բյուջեով յուրաքանչյուր տարի կհատկացվի 1,3 մլրդ դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում