Պաշտոնական

Տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի նիստը

3 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մարտի 10-ին տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Այսօր անց ենք կացնում հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքների խորհրդի երկրորդ նիստը:

Պետական կառավարման ոլորտում երկար տարիների ընթացքում կուտակված խնդիրները բերել են մի իրավիճակի, երբ հանրային կառավարման համակարգը արդյունավետ չի աշխատում և ոչ միշտ է կարողանում պատշաճ ու որակյալ ծառայություններ մատուցել մեր բնակչությանը։

Վստահորեն կարող եմ պնդել, որ այն բարեփոխումները, որոնք այսօր և առաջիկա 2 ամիսների ընթացքում պետք է ակտիվ քննարկումների առարկա դառնան և՛ մեր խորհրդում, և՛ հանրային լայն շրջանակներում, պետական կառավարման համակարգին կօժտեն իր առաքելությունն իրականացնելու համար ավելի արդյունավետ կարողություններով, գործիքներով և մեխանիզմներով: Եվ ընդհանուր առմամբ, այդ առաքելությունը հետևյալն է. մատուցել բարձրորակ հանրային ծառայություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և արդյունավետ որոշումների միջոցով ապահովել Հայաստանի կայուն զարգացումը, բարեկեցությունն ու առաջընթացը:

Այսքանով կեզրափակեմ իմ ելույթը, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենանք բովանդակային քննարկում իրականացնելու համար: Այնուամենայնիվ, կարևոր եմ համարում նշել, որ բոլորին ուղարկված ռազմավարության երեք բաժինների նախագծերը, ինչպես նաև գործողությունների ծրագիրը դեռևս մշակման փուլում են: Հետևապես, այսօրվա քննարկումը, կարծում եմ, մեծ ներդրում է լինելու այդ ռազմավարության և գործողությունների ծրագրի, ինչպես նաև արդյունքային ցուցանիշների համար:

Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն հանրային ծառայողներին, որոնք մասնակցել են աշխատանքային խմբերի աշխատանքներին: Եվ, իհարկե, բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաներին և փորձագետներին, որոնք մասնակցել են խորքային հարցազրույցներին»:

Այնուհետև մանրամասնորեն քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության տեսլականը ու բարեփոխումների առաջին փուլի օրակարգը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում