Պաշտոնական

Բորելը Փաշինյանի հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ դատաիրավական ոլորտում տեղի ունեցող զարգացումները

2 րոպեի ընթերցում

Բորելը Փաշինյանի հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ դատաիրավական ոլորտում տեղի ունեցող զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները կարևորել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ինտենսիվ զարգացումը և քննարկել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին հետագա աջակցությանը վերաբերող հարցեր: Ժոզեֆ Բորելը հաստատել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու բարեփոխումների իրականացմանը: Նա ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և այլ ոլորտներում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները և ՀՀ կառավարության հաստատակամ ու հետևողական քայլերն այդ ուղղութամբ:

Որպես ՀՀ-ԵՄ համագործակցության կարևոր բաղադրիչ ՀՀ վարչապետը և Ժոզեֆ Բորելն անհրաժեշտ են համարել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի` ԵՄ պետությունների կողմից հնարավորինս արագ վավերացումն ու դրա լիարժեք կիրարկումը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորություններին:

Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի շուրջ: Ժոզեֆ Բորելը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում