2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աշխարհի շատ երկրներում մարտի 8-ը պետականորեն նշվում է որպես կանանց նվիրված օր՝ ի նշան նրանց հանդեպ ունեցած սիրո եւ հարգանքի, սակայն իր ակունքներում այդ օրն այնքան էլ տոնական բնույթ չի կրել։ Թե ինչպես է այսօր ընկալվում տոնը եւ ինչպես են նշում այն խորհրդարանի կին պատգամավորները, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է նրանցից մի քանիսի հետ։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի համար հասկանալի չէ մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի շուրջ այն անառողջ իրարանցումը, որ նկատվում է այդ օրերին։ Ավելին, պատգամավորն այն ընկալում է որպես կնոջ հանդեպ խտրականության դրսեւորում, հատկապես մեր հասարակությունում, երբ կնոջն ընդգծված ուշադրության են արժանացնում միայն այդ օրերին, մինչդեռ տարվա մյուս օրերին եւ ամիսներին կարող է նույնիսկ չնկատեն իրենց կողքին գտնվող կնոջը եւ անգամ գռեհիկ լինեն նրա հանդեպ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը հիշեց պատանեկության տարիները, երբ բարձր դասարաններում ոգեւորված սպասում էին, թե տղաներն ինչ հետաքրքիր բան կմտածեն՝ շնորհավորելու տոնի կապակցությամբ. «Այսօր ես դրանց մեծ ուշադրություն չեմ դարձնում եւ մարտի 8-ը որեւէ կերպ չեմ առաձնացնում որպես կարեւոր օր։ Կարող է մարտի 8-ն անցնի եւ ես չհիշեմ այդ օրվա նշանակության մասին»։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը նույնպես հատուկ պատրաստություն չի տեսնում այդ օրվա համար, իսկ եթե առիթ եւ հնարավորություն է լինում, ապա նախընտրում է նշել ընկերների հետ. «Կանանց ցանկանում եմ առաջին հերթին առողջություն, քանի որ դրանով է պայմանավորված մեր հասարակության անվտանգությունը։ Կնոջ դերը չափազանց էական է պետության համար որպես ընտանիքի կարեւոր դերակատար։ Ցանկանում եմ խաղաղություն, որպեսզի մեր կանայք անվտանգ եւ խաղաղ լինեն իրենց ամուսինների, տղաների եւ հայրերի կողքին»»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: