Հակոբ Արշակյանը հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչների հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ, GIZ) պատվիրակությանը, որի կազմում էին «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի տնօրեն Կատյա Կամերերը, նույն ծրագրի նորանշանակ տնօրեն Հանս-Յուրգեն Քասսենսը և ԵՄ և Գերմանիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Միխայելա Յոհաննա Վեբերը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում Կատյա Կամերերը ներկայացրել է ԳՄՀԸ կողմից 2020-2023 թվականներին իրականացվելիք ծրագրերը, որոնք ֆինանսավորվելու են Եվրոպական Միության կողմից:

Նշվել է, որ «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը Հայաստանում» (SMEDA – Support to SME development in Armenia) ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանում բիզնես և ներդրումային միջավայրի բարելավմանը, ուժեղացնել մասնավոր հատվածը և ՓՄՁ-֊ների համակարգման գործիքակազմը, հաջողությամբ իրականացվել է 2016-2019թթ.-ին, և կուտակված փորձառությունը հիմքեր է ստեղծել առաջիկա ծրագրերի կյանքի ընդլայնման համար:

Կատյա Կամերերը նշել է նաև, որ առաջիկա տարիներին ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող ծրագրերը կլինեն 2 հիմնական ուղղություններով՝ միտված տեխնոլոգիաների և մարզերում տուրիզմի զարգացմանը` դրամաշնորհների միջոցով:

ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրերին և շնորհավորել Հանս-Յուրգեն Քասսենսին նշանակման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը՝ վերջին տարիներին Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված գործունեության համար:

Նշվել է, որ ՀՀ կառավարության կողմից, ի դեմս ԲՏԱ նախարարության, այժմ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ ուղղված տեխնոլոգիական կրթության, ձեռներեցության զարգացմանը: Դրանցից են «Վիրտուալ կամուրջ» ծրագիրը, Դրեյփերի համալսարանում հայ ձեռնարկատերերին կրթաթոշակի տրամադրման, ինչպես նաև դրամաշնորհային բազմաթիվ ծրագրեր:

Կարևորվել են թվայնացումը և բարձր տեխնոլոգիաների զարգացումը, որոնք ՀՀ ԲՏԱ նախարարության գերակա ուղղություններից են և ինչի շուրջ համագործակցության նոր եզրեր կարող են ձևավորվել նախարարության և ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի միջև:

Հակոբ Արշակյանն ընդգծել է տեխնոլոգիական այն ուղղությունները, որոնք գտնվում են նախարարության համակարգման տիրույթում, մասնավորապես՝ արհեստական բանականություն, ծրագրային ապահովում, ստարտափ էկոհամակարգ, տիեզերական համակարգեր և այլն:

ԳՄՀԸ համագործակցության շրջանակներում նախարարը կարևորել է հայկական ստարտափների միասնական պլատֆորմի ստեղծումը, որը հնարավորություն կտա բոլոր շահառուներին, այդ թվում՝ ներդրողներին համակողմանի պատկերացում կազմելու Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու և ընդլայնելու համագործակցության շրջանակները:

Հայերեն Русский

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր․ պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամ

Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասին

Թրամփը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման վերաբերյալ համաձայնության հասնելու մասին

Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ

Ղազախստանում «Ապագայի խաղեր»-ի անցկացումը պատմական իրադարձություն են համարում

Wildberries-ն իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Նարեկ Կարապետյանի առանձնատանը քննչական գործողություններ են կատարվում. ՔԿ