Սփյուռք

Զարեհ Սինանյանն անդրադարձավ հայրենադարձության գործընթացների բարդ լինելու պատճառներին

2 րոպեի ընթերցում

Զարեհ Սինանյանն անդրադարձավ հայրենադարձության գործընթացների բարդ լինելու պատճառներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադարձավ հայրենադարձության բարդ գործընթացին։ «Ինչո՞ւ է այդքան բարդ, որովհետև երկակի խնդիր կա՝ մեկը օրենքի հետ է կապված։ Այն օրենքները, որոնք կարգավորում են այս խնդիրն, արհեստականորեն այնքան են բարդացված, որ քաշքշուկի տեղիք են տալիս։ Եվ իմ կարծիքով՝ դա անցյալում ինչ-որ չափով միտումնավոր է արվել, որպեսզի կոռուպցիոն հնարավորություններ ստեղծվեն։ Այսինքն՝ քաղաքացիություն ընդունողին որոշ ժամանակ քաշքշելուց հետո նրանք ավելի հակված կլինեին իրենց նյարդերը խնայելու համար կաշառքի միջոցով հարցը արագ լուծել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սինանյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

Երկրորդ պատճառը, ըստ նրա, աշխատանքի մշակույթով է պայմանավորված։ Մարդիկ վատ են վերաբերվում քաղաքացիներին, այս դեպքում՝ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող մարդկանց։ Սա, ըստ Սինանյանի, գաղտնիք չէ։ «Մեր պետական ծառայողները բյուրոկրատներ են, դա գաղտնի՞ք է ձեզ համար»,- նշեց նա։ Հարցին, թե ինչու երկու տարվա ընթացքում այդ խնդիրները չեն լուծվել, օրենքներ չեն փոխվել, որ գործընթացը հեշտանար, նա պատասխանեց. «Ըստ իս, որովհետև պետության ուշադրությունը և ռեսուրսը սևեռված է եղել ավելի հրատապ համարվող խնդիրների վրա»,- ասաց նա։ Սինանյանը նաև ասաց, որ վարչապետի հանձնարարականից հետո գործընթացի արատավոր բնույթն են ախտորոշում և դրա հիման վրա լուծումներ են առաջարկելու, նոր համապարփակ ծրագիր են ներկայացնելու, որպեսզի նման անհեթեթություններ չլինեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին հրապարակել էր հայրենադարձ կնոջ նամակը, որը մի շարք խնդիրներ էր բարձրացրել: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել էր ծառայողական քննություն իրականացնել՝ մեղավորներին ազատելու աշխատանքից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում