Հասարակական

Հակոբ Արշակյանին ներկայացվել է ԱՄԷ զինվորական համակարգում ներդրված «Ապագայի զինվոր» ծրագիրը

3 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանին ներկայացվել է ԱՄԷ զինվորական համակարգում ներդրված «Ապագայի զինվոր» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄԷ Աբու Դաբիի թագաժառանգ, զինված ուժերի հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հովանու ներքո փետրվարի 22-23-ը Աբու Դաբիում անցկացված «UMEX/SimTEX 2020» հեղինակավոր ցուցահանդես-համաժողովը նվիրված էր պաշտպանական տեխնոլոգիաներին, ռոբոտացված և անօդաչու համակարգերին, դրանց ներուժի առավելագույն օգտագործմանը առաջիկա տասնամյակների ընթացքում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետական նախարարի հրավերով Աբու Դաբիում փետրվարի 22-23-ը մասնակցել է միջոցառմանը՝ հանդես եկել որպես համաժողովի բանախոս և մի շարք հանդիպումներ ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելով ոլորտում երկու երկրների փոխգործակցության հեռանկարները:

Էմիրությունների փոխվարչապետ, Նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանիին նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված արհեստական բանականության հիմքով նավիգացիոն համակարգերը:

ԱՄԷ Մուբադալա ներդրումային ընկերության խմբի ղեկավարի տեղակալ Հոմմիդ Ալ Շիմարիի հետ հանդիպման ընթացքում հայկական կողմը քննարկել է համագործակցության ակտիվացման հնարավորությունները՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում վենչուրային ներդրումների, ձեռներեցության զարգացման, կրթական ծրագրերի իրականացման և էկոհամակարգի զարգացման հիմնական ուղղություններով:

Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության պետնախարար Մոհամմեդ Ահմեդ ալ Բովարդիի հետ հանդիպման ընթացքում նախարար Արշակյանին է ներկայացվել ԱՄԷ զինվորական համակարգում ներդրված «Ապագայի զինվոր» ծրագիրը: Նախարարը կարևորել է Հայաստանի հետ Էմիրությունների գործակցությունը և մատնանշել հարաբերությունների խորացման և զարգացման անհրաժեշտությունը հատկապես ռազմաարդյունաբերական և պաշտպանական ոլորտներում:

Նախարար Հակոբ Արշակյանն իր հերթին մատնանշել է նախարարության ակտիվ գործունեությունը ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ, ներկայացրել տասնամյակների առաջատար գիտահեն ներուժն ու փորձը, հնարավորությունները, հայաստանյան ռազմարդյունաբերության կայուն և առաջանցիկ զարգացումը:

Նախարար Արշակյանը, ԱՄԷ Նախարար Բովարդիին նաև հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու ս․ թ․ մարտի 26-28֊ը անցկացվող սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում