Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապերը. Փաշինյանն ընդունել է Միրոսլավ Լայչակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 24-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Միրոսլավ Լայչակի այցը մեր երկիր՝ ՀՀ վարչապետը կարևորել է փետրվարի 24-ին Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացումը, որը նոր լիցք և որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Սլովակիայի հետ համագործակցության զարգացմամբ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում։ Վարչապետի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիմնական գործընկերն է, և Հայաստանը կարևորում է և՛ ԵՄ կառույցների, և՛ ԵՄ անդամ-երկրների օժանդակությունն այդ գործընթացում: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Սլովակիայի հավասարակշռված դիրքորոշման համար: Նիկոլ Փաշինյանն իր ջերմ ողջույններն է հղել Սլովակիայի վարչապետ Պետեր Պալլեգրինին:

Միրոսլավ Լայչակը նշել է, որ Սլովակիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է, և ՀՀ-ում Սլովակիայի դեսպանության բացումը լավ հնարավորություններ է ստեղծում երկկողմ հարաբերությունների ակտիվացման համար: Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը ողջունել է Հայաստանի հավակնոտ ժողովրդավարական բարեփոխումները և նշել, որ Սլովակիան պատրաստ է կիսվել ռեֆորմների գործընթացում իր կուտակած փորձով: Նա ընդգծել է, որ որպես ԵՄ անդամ-երկիր՝ Սլովակիան պատրաստ է աջակցել Հայաստանին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկման, ինչպես նաև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում: Երկկողմ տնտեսական կապերի զարգացման համատեքստում Մ. Լայչակը հեռանկարային է համարել ներդրումների խթանման, զբոսաշրջության զարգացման ուղղությամբ համատեղ քայլերը ու նաև բարձր գնահատել միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև փոխգործակցությունը: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը նշել է, որ Սլովակիան լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:

Վարչապետն օգտակար է համարել բարեփոխումների գործընթացում Սլովակիայի փորձի ուսումնասիրությունը՝ նշելով, որ Հայաստանը կարևորում է գործընկերների հետ փորձի փոխանակումը:

Նիկոլ Փաշինյանը և Միրոսլավ Լայչակը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում վերջին զարգացումներին:

Հայերեն العربية English Français Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ