Մշակույթ

Նա դիրիժորական դպրոցի երևելիներից էր. արվեստասերները վերջին հրաժեշտը տվեցին Յուրի Դավթյանին

3 րոպեի ընթերցում

Նա դիրիժորական դպրոցի երևելիներից էր. արվեստասերները վերջին հրաժեշտը տվեցին Յուրի Դավթյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում արվեստասեր հանրությունը վերջին հրաժեշտը տվեց ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը և այլք:

Նախարար Արայիկ Հարությունյանը Յուրի Դավթյանին համարում է դիրիժորական դպրոցի երևելիներից մեկը: «Գոյություն ունեցող դիրիժորական դպրոցը նաև նրա շնորհիվ է կայացել: Լավագույն մասնագետները և վարպետներն առնչություն են ունեցել Յուրի Դավթյանի հետ, նրա ձեռքի տակով են անցել: Կարծում եմ` մեծ կորուստ է բոլորիս համար: Հիմա նրա աշակերտները պետք է իրենց լավագույնս դրսևորեն՝ այդ դպրոցը պահպանելու և շարունակելու համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նախարարը՝ հավելելով, որ 2019 թվականի միջոցառումների ժամանակ առիթ է ունեցել ծանոթանալու և շփվելու դիրիժորի հետ:

Դաշնակահար Զարուհի Թոփչյանն օպերայի և բալետի թատրոնում աշխատանքի ընդունվելու օրվանից ճանաչել է ՀՀ ժողովրդական արտիստին և շատ գիտելիքներ ու հմտություններ է ձեռք բերել նրանից: «Նրա հումորը, նրա վերաբերմունքը աշխատանքին, նրա կողմից մշակած երաժշտության տակտերը… Պետք է աշխատենք, որ Յուրի Դավթյանի հիշողությունը մնա սերունդների մեջ: Ներկայացնենք դիրիժորի ձայնագրությունները և գրքերը, որպեսզի ճանաչեն նրա աշխատանքը»,- ասաց Թոփչյանը:

Յուրի Դավթյանը ծնվել է 1929 թվականի հունիսի 10-ին: 1938-ին ընդունվել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և թեորիայի բաժիններում՝ պրոֆեսորներ Սարաջևի և Տիգրանովի դասարաններում:

Եղել էԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, 1964-1966 թվականներին՝ Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1969 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:

Ղեկավարել է Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլ նվագախմբեր: Հայտնի դիրիժորը մինչև օրս աշխատում էր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես գլխավոր դիրիժոր:

Յուրի Դավթյանը կյանքից հեռացել է փետրվարի 20-ին 90 տարեկանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում