Մշակույթ

Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունն ընդունվեց ջերմ ու անվերջ ծափահարություններով

2 րոպեի ընթերցում

 Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունն ընդունվեց ջերմ ու անվերջ ծափահարություններով

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոհան Սեբաստիան Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» BWV 245 ստեղծագործությունը երկար դադարից հետո հնչեց Հայաստանում՝ արժանանալով բուռն ու անվերջ ծափահարությունների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը փետրվարի 21-ին ներկայացրեց բացառիկ համերգ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը անցկացված երեկոյին Բախի այս հանճարեղ գործը կատարեցին Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբըևԳերմանիայիցմերերկիրժամանածTheodor Schüz Ensemble-նուիրերաժիշտները՝դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի (Գերմանիա) ղեկավարությամբ:

Ամելունգը, ով առաջին անգամ էր մեր երկրում, խոստովանեց, որ շատ տպավորված էր նվագախմբի և երգչախմբի հետ աշխատանքից: Նա շեշտեց՝ ինքն է ընտրել ստեղծագործությունը անսամբլի հետ, և ցանկացել հենց այս գործը կատարել մեր երկրում: Ի դեպ, գործը երևանյան բեմում հնչեց օրիգինալ լեզվով՝ գերմաներենով: Գերմանացի դիրիժորն առանձնահատուկ շեշտեց, որ հայկական և գերմանական երաժշտախմբերը քրտնաջան աշխատել են՝ նման արդյունքի հասնելու համար: Նա առանձնահատուկ կարևորեց այն հանգամանքը, որ ելույթի ընթացքում արտիստները ոչ թե կանգնած էին յուրաքանչյուրն իր կոլեկտիվի կողքին, այլ սփռված էին ամբողջ բեմով՝ այդպիսով ստեղծելով յուրատեսակ միասնություն:

Հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց երկու ժամանոց գործի կատարումը: Մի քանի րոպե տևողությամբ հոտնկայս ու անվերջ ծափահարությունները համերգի հաջողված լինելու ապացույցն էին: Ի դեպ, համերգին ներկա էր նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

«Չարչարանքներ ըստ Հովհաննու» գործը արևմտաեվրոպական երաժշտության գագաթներից է: Այն ինքնատիպ ելևէջներով ներկայացնում է Հիսուսի չարչարանքները, անդրադարձ է կատարում Աստվածաշնչյան դրվագներին: Գործն առաջին անգամ հնչել է 1724 թվականին: Բախն այն մի քանի անգամ վերախմբագրել է: Հայաստանում այն վերջին անգամ հնչել է 1999 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում