Մշակույթ

Յուրի Դավթյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում

2 րոպեի ընթերցում

Յուրի Դավթյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավթյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 21-ին՝ ժամը 17:00-20:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտը կկայանա փետրվարի 22-ին՝ ժամը 12:00-14:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ)։

Յուրի Դավթյանը ծնվել է 1929 թվականի հունիսի 10-ին: 1938-ին ընդունվել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և թեորիայի բաժիններում՝ պրոֆեսորներ Սարաջևի և Տիգրանովի դասարաններում։

Եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, 1964-1966 թվականներին՝ Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1969 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։

Ղեկավարել է Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլ նվագախմբեր։ Հայտնի դիրիժորը մինչ օրս աշխատում էր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես գլխավոր դիրիժոր։

Դավթյանը մահացել է փետրվարի 20-ին՝ կյանքի իննսուներորդ տարում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում