Մշակույթ

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնին հնչելու են կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունները

3 րոպեի ընթերցում

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնին հնչելու են կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Բեթհովենի 250-ամյակի կապակցությամբ նախաձեռնել է «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը, որի շրջանակում անցկացվելու են ոչ միայն համերգային ծրագրեր, այլև գիտաժողովներ, մասնագիտական քննարկումներ և այլ միջոցառումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին նախաձեռնության հեղինակներն ու աջակիցները:

«Մենք հաճախ ենք խոսում, որ եվրոպական արժեքներ կրող, այդ արժեքները պահպանող երկիր ենք, բայց այդ ձևակերպումները խորքային մեկնաբանություն չեն ստանում: Կարծում եմ`Բեթհովենն այն տիեզերական մեծության անունն է, որին առնչվել ենք դասական երաժշտության ձևավորման ամբողջ պատմության ընթացքում: Փառատոնը փայլուն առիթ է, որ մենք և մեր երաժշտասեր հասարակությունը, պրոֆեսիոնալ երաժշտական հանրությունը հերթական անգամ ընդգծեն, որ ոչ միայն ունենք ազգային արժեքներ, այլև միջազգային արժեքներն ենք դարձնում ազգային»,-ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Փոխնախարարի կարծիքով`փառատոնը հրաշալի առիթ է ասելու, որ մենք եվրոպական արժեհամակարգի, քաղաքակրթության ու մշակույթի հետ խոսում ենք նույն լեզվով, հասկանալի լեզվով:

Խզմալյանը տեղեկացրեց, որ «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» նախաձեռնությունը արժանացել է պետական դրամաշնորհային մրցութային հանձնաժողովի հավանությանը: Նա նշեց, որ մեծ ուշադրություն են դարձնելու փառատոնի միջազգային լուսաբանմանն ու միջազգային հանրության իրազեկմանը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան էլ հիշեցրեց, որ նախաձեռնության գործում մեծ դերակատարություն ունի նաև դիրիժոր Զավեն Վարդանյանը:

Անդրադառնալով ծրագրին` նա ասաց, որ կատարելու են Բեթհովենի բոլոր սիմֆոնիկ ստեղծագործությունները, կոնցերտները, կամերային երաժշտությունը, թավջութակի, դաշնամուրի, ջութակի սոնատները, կվարտետային գործերը:

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնին նվագախումբը կհնչեցնի Բեթհովենի ինը սիմֆոնիաները, մի շարք կոնցերտներ, Հայաստանի տարբեր համերգասրահներում կներկայացնի կոմպոզիտորի կամերային և վոկալ ժառանգությունը: Փառատոնին, բացի Ֆիլհարմոնիկ նվագախմբից, հանդես կգան նաև հայաստանյան այլ առաջատար կոլեկտիվներ, և ասուլիսին մանրամասներ կբացահայտվեն նաև նրանց մասնակցության վերաբերյալ:

Փառատոնի շրջանակում Դիլիջանում կանցկացվի երկօրյա գիտաժողով՝ Եվրոպայից հրավիրված բեթհովենագետների մասնակցությամբ, կիրականացվեն բազում հետաքրքիր միջոցառումներ: Բեթհովենյան փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են դիրիժորներ Զավեն Վարդանյանը և Էդուարդ Թոփչյանը:

Փառատոնը կանցկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում