Հասարակական

Մայր Աթոռի պատվիրակությունը հանդիպում կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ

2 րոպեի ընթերցում

Մայր Աթոռի պատվիրակությունը հանդիպում կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռի պատվիրակությունը մեկնել է Վատիկան, որտեղ հանդիպում կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Փետրվարի 15-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը մեկնեց Վատիկան՝ մասնակցելու Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների միջև պաշտոնական երկխոսության շրջանակում կազմակերպվող երիտասարդ հոգևորականների հավաք-հանդիպմանը։

Պատվիրակության կազմում են Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը և Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Արժանապատիվ Տ. Ադամ քահանա Մակարյանը:

Մեկշաբաթյա ճանաչողական այցի ընթացքում պատվիրակությունը կայցելի Կաթոլիկ եկեղեցու հոգևոր ուսումնական-կրթական կենտրոններ, Առաքելական պալատ, ինչպես նաև պաշտոնական հանդիպում կունենա Հռոմի քահանայապետ, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի հետ։

Հավաքի մասնակիցների համար պաշտոնական ընդունելություն են կազմակերպելու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և կաթոլիկ ու հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցականները»,-նշված է տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում