Պաշտոնական

Գերմանիան աջակցում է ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին.Փաշինյանը հանդիպել է Բունդեսթագի նախագահին

3 րոպեի ընթերցում

Գերմանիան աջակցում է ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին.Փաշինյանը հանդիպել է Բունդեսթագի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բունդեսթագի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ուրախությամբ նշել, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում տված խոստումը կատարվել է. Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Վոլֆգանգ Շոյբլեն վստահություն է հայտնել, որ վարչապետի այցը Բեռլին նոր ազդակ կհաղորդի հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել վերը նշված համաձայնագիրը վավերացնելու համար և նշել, որ այն կնպաստի Հայաստանում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը ժողովրդավարության վերաբերյալ բոլոր վարկանիշային աղյուսակներում մեծ առաջընթաց է գրանցել: Մեր կառավարությունը Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացման ևս մի կարևոր նպատակադրում ունի: Ձեր երկիրը մեզ համար հետաքրքիր է որպես կայացած խորհրդարանական պետություն, քանի որ 2018 թվականից Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից ևս անցում է կատարել խորհրդարանական համակարգի»,- ասել է վարչապետը` կարևորելով այս ուղղությամբ գերմանական փորձի փոխանակումը` համակարգը մեր երկրում ավելի ֆունկցիոնալ դարձնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է` իր գլխավորած կառավարության նպատակն է, որպեսզի Հայաստանում ևս ժողովրդավարությունը, անկախ, վստահելի դատական համակարգը նույնքան անշրջելի լինի, որքան Գերմանիայում է:

Վարչապետն անդրադարձել է Հայաստանում ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին և դրա հանգամանքներին: Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչներին որպես դիտորդ հրավիրել է հետևելու ինչպես հանրաքվեի ընթացքին:

Վոլֆգանգ Շոյբլեն գերմանական կողմի աջակցությունն է հայտնել մեր երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ժողովրդավարական գործընթացին` ընդգծելով, որ ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև համագործակցության զարգացմանը: Վոլֆգանգ Շոյբլեն հույս է հայտնել, որ Հայաստանը, անձամբ վարչապետ Փաշինյանը կշարունակի ջանքերը նպաստելու երկու միությունների միջև հարաբերությունների խթանմանը:

ՀՀ կառավարության ղեկավարը ևս կարևորել է ԵԱՏՄ-ԵՄ համագործակցության նոր բանաձևերի որոնումը և նշել, որ ԵԱՏՄ շրջանակում ևս հարցը քննարկվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում