Հասարակական

ԱԺ-ն քննարկում է միջին մասնագիտական կրթությանն առնչվող օրինագիծը

3 րոպեի ընթերցում

ԱԺ-ն քննարկում է միջին մասնագիտական կրթությանն առնչվող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որն աշակերտներին հնարավորություն կտա նաև վճարովի հիմունքներով սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի և Հարություն Բաբայանի հեղինակած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց Հայրապետյանը:

Հայրապետյանը նախ նշեց, որ բազմիցս խոսել են մասնագիտական կրթության ուսուցման ինստիտուտի ամրապնդման անհրաժեշտության մասին, և ներկայացված փաթեթի նպատակը այդ ինստիտուտի ամրացումն է: «Գործող օրենքի համաձայն միայն անվճար հիմունքներով աշակերտները կարող են սովորել նախնական և միջին մասնագիտական ինստիտուտներում: Մտահոգություններ ենք ստացել, որ շատ ուսումնարաններում, քոլեջներում երեխաներն ուղղակի հնարավորություն չեն ունեցել շարունակելու ուսումը միայն այն պատճառով, որ պարզապես պետպատվերով անվճար հիմունքներով տեղեր հատկացված չեն եղել, կամ դրանք սահմանափակ են եղել: Մեր առաջարկով ցանկանում ենք հնարավորություն տալ, որ աշակերտները նաև վճարովի հիմունքներով կարողանան սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում»,-ասաց Հայրապետյանը:

Նախագծի երկրորդ փոփոխությունը վերաբերում է հիմնականում արվեստի ուղղվածություն ունեցող բուհերին: Պատգամավորը նշեց՝ օրինակ Ռ. Մելիքյանի անվան քոլեջը կամ Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջն ավարտելուց հետո անմիջապես 2-րդ կուրսում առկա ուսուցումը շարունակելու հնարավորություն է ընձեռվում:

Հայրապետյանը ներկայացրեց նախագծի հիմնական ուղերձը՝ պարտադիր չէ, որ բոլորը սովորեն բարձրագույն հաստատություներում, և բոլոր երիտասարդաները, որոնք ցանկություն ունեն արհեստի հմտություններ, միջին մասնագիտական կրթություն ստանալ, պետությունը պետք է ապահովի այդ հնարավորությունը և իրավունքի իրացումը: «Հիմնական ուղերձն այն է, որ բոլոր արհեստավորները, միջին մասնագիտական կրթություն ստացած պրոֆեսիոնալները ոչ պակաս լավ կարող են ապրել և բարեկեցիկ կյանք ունենալ, քան ոչ այնքան պրոֆեսիոնալ իրավաբանները, միջազգայնագետները, արևելագետները»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում