ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հայկական համայնքը կորոնավիրուսի դեմ պայքարող չինացիներին աջակցության տեսանյութ է տարածել համացանցում: Հոլովակում Չինաստանի տարբեր ծայրերում, Հոնկոնգում և Հայաստանում ապրող հայերը շեշտում են, որ սիրում են Չինաստանը, վստահ են, որ երկիրն ու ժողովուրդը կարող են հաղթահարել կորոնավիրուսը։ Նրանք օգտագործում են«Jia You» արտահայտությունը, որն իր մեջ սատար կանգնելու ուղերձ է պարունակում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում է հրապարակել Չինաստանի և Հոնկոնգի հայկական համայնքի նախագահ, Հոնկոնգի FinTech ասոցիացիայի նախագահ Հենրի Արսլանյանը:
Նա գրառում է կատարել՝ ասելով, որ հպարտանում է Չինաստանի հայկական համայնքով կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանին աջակցելու նպատակով #China հուզիչ հոլովակը պատրաստելու համար:
Տեսանյութում ելույթ է ունենում նաև Արսլանյանը: «Սիրելի չինացի ընկերներ, հուսամ՝ դուք գիտեք, որ այս ծանր ժամանակներում մեր հայկական համայնքը և ամբողջ աշխարհի հայերը միշտ ձեզ հետ կլինեն, կօգնեն ու կսատարեն ձեզ»,-ասում է նա:
Չինաստանը մի քանի շաբաթ պայքարում է կորոնավիրուսի դեմ, որը տարածում է գտել ոչ միայն Չինաստանում, այլև աշխարհի այլ երկրներում՝ խլելով մարդկային կյանքեր:
Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի զոհերի թիվը մեկ օրում ավելացել Է 108-ով, ընդհանուր առմամբ մահացել Է 1 016 մարդ, գրեթե 4 հազար հոգի ապաքինվել Է: Փետրվարի 11-ի դրությամբ երկրում վարակման դեպքերի թիվըհասել Է 42 հազար 638-ի։