Հասարակական

Նախարարը նախադպրոցական կրթության օրենքի նախագիծը նմանեցնում է սահմանադրական փոփոխություններին

2 րոպեի ընթերցում

Նախարարը նախադպրոցական կրթության օրենքի նախագիծը նմանեցնում է սահմանադրական փոփոխություններին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը նմանեցնում է սահմանադրական փոփոխություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասաց փետրվարի 10-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով ընդլայնված աշխատանքային քննարկման ժամանակ:

«Այս օրենքի նախագիծը սահմանադրական փոփոխությունների պես մի բան է, որովհետև հենց այն սերունդը, որի համար նախատեսված է այս օրենքի նախագիծը, ամբողջությամբ դրական առումով վերափոխելու է մեր պետությունը, որովհետև ամենասկզբի լավ հիմքի վրա ենք դնում նրա կրթական գործընթացը»,- ասաց Հարությունյանը:

Օրենքի ընդունմամբ հնարավոր է դառնում երկրում կրթության կազմակերպման և իրականացման մեխանիզմների արդիականացումը, որոնք համահունչ են ժամանակակից մարտահրավերների կարգավորմանն ուղղված միջոցառումներին:

«Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հունվարի 24-ի Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է միաձայն՝ 110 կողմ ձայնով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում