Հասարակական

Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել

2 րոպեի ընթերցում

 Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Դատախազությունն այսպիսով մասամբ բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի միջնորդությունը, որով նա խնդրել էր նաև անջատվածգործով քննչական խումբ ստեղծել:

Ինչ վերաբերում է Բախշյանի մյուս միջնորդությանը, որով նա խնդրում էր քրեական գործը փոխանցել քննչական այլ ենթակայության՝ ԱԱԾ-ից հանձնելով ՀՔԾ-ին, դատախազությունից նշեցին, որ այն մերժվել է.

«Մերժումը պատճառաբանվել է նրանով, որ վարույթի իրականացումը ԱԱԾ քննչական դեպարտամենտին հանձնելու որոշումը լիարժեք համապատասխանում է քննչական ենթակայության կանոններին։ Բացատրվել է բացարկ հայտնելու քրեադատավարական ընթացակարգը: Համաձայն դրա՝ բացարկ կարող է հայտնվել ոչ թե քննչական մարմնին, այլ վարույթն իրականացնող քննիչին: Մինչդեռ բողոքում դրա հիմքերի առկայության վերաբերյալ փաստարկներ չեն ներկայացվել: Որոշմամբ նաև նշվել է, որ քննության օբյեկտիվությունը, լիարժեքությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ վարույթն իրականացնող քննչական խմբում ներգրավվում են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչներ»:

Անահիտ Բախշյանը 2019 թվականի դեկտեմբերի 18-ին դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Բախշյանի բողոքը բավարարվել էր, քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2004 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը վերացվել էր, և քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել էր ԱԱԾ-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում