«Հայփոստ» ՓԲԸ բաժանմունքում կատարված ավազակային հարձակման դեպքով հարուցվել է քրեական գործ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Սեբաստիա, 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ բաժանմունքում փետրվարի 3-ին կատարված ավազակային հարձակման դեպքով հարուցվել է քրեական գործ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ (ավազակություն) հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասաց Հարությունյանը:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` փետրվարի 3-ին ժամը 17:00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ՝ մեկը դանակով, մյուսը՝ զենքին նմանվող առարկայով զինված, մտել են Սեբաստիա, 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ բաժանմունք և դանակի ու զենքի սպառնալիքի տակ աշխատակցի մոտից հափշտակել գումար, ապա դիմել փախուստի: