Այդ բանակցությունները կասեցնում են էսկալացիան. փորձագետը՝ ԱԳ նախարարների ժնևյան հանդիպման մասին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը մյուս հանդիպումներից առանձնացնում է դրա երկար տևողությամբ: Կարծում է՝ այդ հանդիպումներով հակամարտության վերջնական կարգավորման հնարավոր չէ հասնել, քննարկումը միջավայրի ստեղծման շուրջ էր, սակայն դրանք կասեցնում են էսկալացիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը նման տեսակետ հայտնեց փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների «հանդիպումը տևեց երկու օր, բավականին վաղուց մենք նման հանդիպում չէինք տեսել: Քննարկումները չեն եղել հարցի բուն կարգավորման շուրջ, քննարկումները կամ բանակցությունները եղել են միջավայրի ստեղծման շուրջ: Մենք չենք կարող հիմա որևէ քաղաքական փաստաթուղթ ստորագրել և լուծել այս հակամարտությունը, որովհետև դա կանգնած հակամարտություն չէ ինչ-որ տարածքների շուրջ, դա հակամարտություն է մարդկանց և մարդկանց անվտանգության շուրջ: Չի կարելի սպասել, թե արտգործնախարարները գնալու են Ժնևում կամ որևէ այլ տեղում ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն, որը հարցը կկարգավորի, և մենք վաղն այլևս այդ խնդիրը չենք ունենա: Այլ հարց է, որ այդ բանակցությունները լուծում են հիմնականում մեկ խնդիր. կասեցնում են էսկալացիան և վերացնում նախորդ էսկալացիաների հետևանքները՝ որքանով հնարավոր է»,-ասաց Հովհաննիսյանն ու հավելեց՝ այս պահին բանակցությունները բուն խնդիրը չեն կարող լուծել, քանի որ դա միայն մեզնից կախված չէ:

Հովհաննիսյանը նկատեց՝ հանդիպման արդյունքում տարածած հայտարարությունը շատ լայն չէր, նշվում էր, որ քննարկվել են հիմնականում այն սկզբունքները և տարրերը, որոնք պետք է ընկնեն ապագա կարգավորման հիմքում: «Այն ուներ մեկ շատ հետաքրքիր կետ, որ պետք է ապահովվի գործընթացի կոնֆիդենցիալությունը: Դա համանախագահների կոչն է, որին, ըստ էության, համաձայնել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Իմ կարծիքով, այդ կոնֆիդենցիալությունը վերաբերում է դեռևս չհամաձայնեցված կետերին, որոնք քննարկվում են բանակցությունների գործընթացում»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա հիշեց, որ դեռևս 2019-ի դեկտեմբերի 5-ի Բրատիսլավայի հանդիպումից հետո անմիջապես ականատես եղանք Ադրբեջանին բնորոշ պահվածքի. Ադրբեջանի արտգործնախարարը տվեց գրեթե 1-ժամանոց հարցազրույց, դեռևս հանդիպման արդյունքում հայտարարությունը չտարածվելուց առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տեղեկատվության տարածում, այդ թվում 2020-ի սկզբին պլանավորված հանդիպման վերաբերյալ: «Մամեդյարովի հայտարարությունում միանշանակ կային կետեր, որոնք ամենայն հավանականությամբ քննարկել են բանակցության ընթացքում, սակայն դրանք դեռևս աշխատանքային կետեր են, այսինքն՝ դրանց շուրջ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն չկա: Եվ երբ այդ ամենը ներկայացնում են քո սեփական մեկնաբանությամբ՝ նպատակ ունենալով ինչ-որ կերպով ազդել քո հասարակության և հակառակորդ կողմի հասարակության վրա, դու, ըստ էության, վնասում ես բանակցային գործընթացին: Այսինքն՝ այդ կետի շուրջ համաձայնություն չի էլ կարող լինել»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա կարծում է, որ ներկայում անվտանգությանը սպառնացող մթնոլորտը և գործոնները ոչ թե 1994 թվականի մակարդակի վրա են, այլ ամեն օր խորանում են: Ադրբեջանի նախագահը կատարում է հայատյաց, ռասիստական հայտարարություններ, սպառնում պատերազմով, կրակով խաղաղ բնակիչների դեմ, իրականացնում թշնամական ագրեսիվ գործողություններ, որոնց պատասխանում են հայկական զինված ուժերը: Այդ ամենն ազդում է մեր հոգեբանության, հակամարտության խորացման վրա: «Եվ որևէ փաստաթուղթ այս պահին և տեսանելի հեռանկարում ի զորու չէ լուծելու այս խնդիրը: Ժնևյան հանդիպումը միտված էր դետալների քննարկմանը»,-ասաց նա:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, մեկնարկել էր Ժնևում հունվարի 29-ին: Այն շարունակվել էր նաև հունվարի 30-ին:

Հայերեն Русский

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26