Հասարակական

ԵՊԲՀ-ում բացվել է ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հարթաքանդակը

3 րոպեի ընթերցում

ԵՊԲՀ-ում բացվել է ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հարթաքանդակը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հունվարի 31-ին տեղի է ունեցել գիտական խորհրդի հանդիսավոր նիստ՝ նվիրված բուհի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի 89-ամյակին: Էմիլ Գաբրիելյանի անունը կրող լսարանին կից բացվել է ականավոր բժիշկ-գիտնականի հարթաքանդակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնից։

«ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին՝ վերհիշեց, թե ինչպիսի առողջապահական, բժշկական, գիտական ժառանգությամբ է հագեցած Էմիլ Գաբրիելյանի անցած ուղին: «Առիթ ունենք հիշել այն մարդուն, ում ներկայությունն այսօր սուր անհրաժեշտություն է, երբ համալսարանը գրանցում է այսպիսի հաջողություններ՝ միջազգային, կրթական, գիտական և այլ ոլորտներում: Նա կարողանում էր զսպել և ոգևորել, իր խստությամբ՝ պարտադրել, բայց ոչ երբեք բռնանալ»,-ասաց ռեկտորը՝ ավելացնելով, որ ինքը Էմիլ Գաբրիելյանի կարիքն ամենից շատն է զգում:

Արմեն Մուրադյանը շեշտեց, որ բժշկական համալսարանը վառ է պահում ուսուցիչների հիշատակը: «Մենք սիրում ենք մեր համալսարանը, ուսուցիչներին, որոնք կարողացել են ձևավորել ինչպես համալսարան, այնպես էլ՝ սերունդներ: Այսօր մենք այդ պատասխանատվության կրողներն ենք և ունենք նույնպիսի առաքելություն»,-ասաց նա՝ հավելելով, որ «Վերադարձ» ծրագիրի շրջանակում ԵՊԲՀ-ում կշարունակվեն բացվել ականավոր ուսուցիչների անունները կրող լսարաններ և, որ «Վերադարձ» ծրագիրը հաստատում է սերունդների միջև կապը:

Մեծանուն գիտնականի հետ կապված հուշերով կիսվեցին նաև ակադեմիկոսի աշակերտները, գործընկերները և այլք:

ԵՊԲՀ ֆարմակալոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Բալասանյանի խոսքով՝ ամբիոնն իր գործունեության 95 տարիների ընթացքում ստեղծել է հարուստ ակադեմիական և գիտական ժառանգություն: «Մենք հպարտ ենք, որ մեր ամենամեծ հարստությունը մեր ուսուցիչներն են, որոնց շարքում առանձնանում է Էմիլ Գաբրիելյանը: Նա փայլուն կերպով զուգակցում էր թե՛ կրթական, թե՛ գիտական, թե՛ կազմակերպչական, և թե՛ վարչարարական ոլորտները»,-ասաց ամբիոնի վարիչը՝ նշելով, որ ակադեմիկոսը միշտ առաջատար է եղել իր ղեկավարած ոլորտներում, քանի որ կարողացել է հաղորդել իր հոգևոր հարստությունը:

Ակնաբան Ալլա Հովհաննիսյանը՝ որպես Էմիլ Գաբրիելյանի ընտանիքի ներկայացուցիչ, շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ ընդգծելով, որ մարդն ապրում է այնքան, որքան նրան հիշում են»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում