Հասարակական

Հայոց ցեղասպանության մասին Թաներ Աքչամի գիրքը հասանելի է նաև ֆրանսերեն

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության մասին Թաներ Աքչամի գիրքը հասանելի է նաև ֆրանսերեն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում ներկայացվել է թուրք պատմաբան Թաներ Աքչամի՝ Հայոց ցեղասպանության մասին «Սպանության հրամաններ» գրքի ֆրանսերեն տարբերակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս առիթով «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառման մեջ Աքչամը մեծ պատիվ է համարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի ներկայությունը: Պատմաբանը նաև նշել է, որ Լաքոտին հանդիպել է 2018-ին Երևանում:

Լաքոտն իր հերթին «Ֆեյսբուք»-ում նշել է. «Ուրախ էի Փարիզում հանդիպել Թաներ Աքչամին, ով գրախանութում ներկայացրեց իր «Սպանության հրամանները-Հայաստան 1915» գիրքը: Այն պատմում է նրա վերջին հետազոտությունների մասին և հաստատում է օսմանյան փաստաթղթերի իսկությունը, որոնք հանդիսանում են պետության կողմից պլանավորման ապացույցներ, որոնք հանգեցրել են հայ ժողովրդի ցեղասպանությանը»,-գրել է դեսպանը:

Նա մեջբերել է գրքի նախաբանի հեղինակ ֆրանսիացի պատմաբան Անետ Բեքերի խոսքից մի հատված. «Սա պատմության հիանալի գիրք է, որում Թաներ Աքչամը վարպետորեն ցույց է տալիս, թե ինչպես է հայերի բնաջնջումը պլանավորվել և իրականացվել այն ժամանակ, և թե ինչպես է մերժվում մինչև այսօր»:

Գրքի անգլերեն տարբերակը լույս էր տեսել 2018-ի փետրվարին: Այնուհետև 2019-ի ապրիլին հրատարակվել էր նաև դրա հայերեն տարբերակը: Թուրքերենով 2016 թվականին հրատարակված «Նաիմ էֆենդու հուշագրությունները և Թալեաթ Փաշայի հեռագրերը» աշխատանքում ներառված Թալեաթ փաշայի հեռագրերում բացեիբաց երևում են հայերին կոտորելու հրամանները:

Աքչամը Փարիզ է այցելել որպես պատվավոր հյուր հունվարի 29-ին մասնակցելու Ֆրանսիայի հայերի ամենամյա ընթրիքին, որին ներկա է լինելու նաև երկրի նախագահ Էմանուել Մակրոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում