ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ անառարկելի փաստ ունի, որ Ազգային ժողովում Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել կեղծիքի միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց հունվարի 27-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:
«Երբ ՍԴ նախագահի համար ակնհայտ էր, որ իշխանությունը չի պատրաստվում իր արած կեղծիքները կոծկել, այդ ընթացքում ՍԴ նախագահը սկսեց քաղաքական դաշտում որոշակի իր համար պաշտպանություններ փնտրել, և այս ողջ գործընթացը կուլմինացիայի հասավ ապրիլ-մայիս-հունիս ժամանակաշրջանում: Այդ պաշտպանություններն ուղղված էին ՀՀ պետական շահերի դեմ: Արդյունքում հարուցվեցին քրեական գործեր, և տեղի ունեցավ ամենակարևոր ու մեծ բացահայտումը` փաստացի, ապացուցված, անառարկելի, որ ՍԴ նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի է ունեցել կեղծիքի միջոցով, ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքով»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ եղել է երկու տրամաբանություն` այդ փաստն օգտագործել և ՍԴ-ն առնել վերահսկողության տակ կամ գտնվել սկզբունքային և գնալ իրավական լուծումների ճանապարհով:
«Ես հասկացել եմ, որ չի կարելի սիրո և համերաշխության հեղափոխությամբ հասնել իշխանության և խնդիր դնել ունենալ խամաճիկային Սահմանադրական դատարան: Այս ամբողջ տեղեկատվությանը իր բոլոր դետալներով տիրապետում է երեք հոգի: Այդ երեք հոգուց երկուսն այսօր ոչ միայն ընդդիմադիր են, այլև գործող իշխանության և իմ նկատմամբ հանդես են գալիս ակնհայտ թշնամական դիրքերից, որովհետև իրենց հետ կապված հարցեր կան»,- նշեց վարչապետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ այսօր Հայաստանում Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան չկա:
«ՀՀ Սահմանադրությամբնախատեսված սահմանադրական դատարան մենք այսօր չունենք: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը նախատեսում է, որ ՍԴ նախագահին պետք է ընտրի ՍԴ-ն իր կազմից, բայց այսօր մենք ունենք Ազգային ժողովի կազմից ընտրված Սահմանադրական դատարան, և հիմա պարզվեց, որ ԱԺ-ի կողմից ՍԴ նախագահ, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում: Պաշտոնական կեղծիքի արդյունքում ՍԴ-ն օկուպացվել է մի անձի ու խմբի կողմից»,- նշել էր Փաշինյանը:
Նա նշել էր, որ այս իրավիճակի լուծման համար իրենք անելու են բոլոր անհրաժեշտ քայլերը: