Քաղաքականություն

Վարչապետը պարզաբանեց, թե երբ կնշանակվեն ԱԱԾ տնօրենն ու ոստիկանության պետը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը պարզաբանեց, թե երբ կնշանակվեն ԱԱԾ տնօրենն ու ոստիկանության պետը

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն իրենց կատարած աշխատանքով արդարացրել են իրենց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը հայտնեց հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով այն հարցին, թե երբ է պատրաստվում նշանակումներ անել ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոններում:

«Այդպիսի ավանդույթ կա և' ոստիկանությունում, և' Ազգային անվտանգության ծառայությունում` եթե որևէ մեկը նշանակվում է տնօրենի կամ պետի ժամանակավոր պաշտոնակատար, նրանք, սովորաբար, պաշտոնակատար լինելու ընթացքում աշխատում են տեղակալի աշխատասենյակում: Երբ ես Էդուարդ Մարտիրոսյանին և Արման Սարգսյանին նշանակել եմ, համապատասխանաբար, ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ես ինքս անձամբ երկուսին էլ ուղեկցել եմ ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի աշխատասենյակներ, դուռը բացել եմ, և ասել, որ կաշխատեք այստեղից: Ես ասել եմ, որ ձեզ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով հիմա չեմ գնալու այլ թեկնածու փնտրելու: Ասել եմ, որ իմ բաժին որոշումը կայացրել եմ, հիմա դուք պետք է 6 ամսում կայացնեք ձեր բաժին որոշումը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ այս պահի դրությամբ երկու պաշտոնյաներն արդարացրել են իրենց, բայց դա չի նշանակում, որ նա անթերի է համարում այդ երկու կառույցների աշխատանքը: «Մինչև մարտ ամիս այդ կարգավիճակում լինելու ժամանակ կա, և այդ ժամկետում որոշումներ կկայացվեն»,- նշեց վարչապետը:

2019թ. սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու մասին: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար է նշանակվել Արման Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում