Մշակույթ

Գրքափոխանակության անկյուն. Ազգային գրադարանը կմեծացնի հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Գրքափոխանակության անկյուն. Ազգային գրադարանը կմեծացնի հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գրքի, գրականության երկրպագուները, գալով Հայաստանի ազգային գրադարան, այսուհետ կարող են օգտվել նաև Գրքափոխանակության անկյունից, որի դարակներում դրված են արժեքավոր հրատարակություններ՝ հայերեն և օտար լեզուներով գրքեր, կերպարվեստին վերաբերող գրականություն, մատենագիտական հրատարակություններ և այլն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գրքափոխանակության անկյունը բացվեց հունվարի 21-ին Հայաստանի ազգային գրադարանի վարչական մասնաշենքի 1-ին հարկում:

Անկյունում ներկայացված գրքերից ցանկացածը կարող է հայտնվել ընթերցողի գրադարակում, եթե դրա փոխարեն նա առաջարկի մեկ այլ գիրք, որը Ազգային գրադարանում բացակայում է կամ մի օրինակ կա:

«Մեր գրադարանում գործում է Գրքափոխանակության բաժին, որի նկուղներում տասնյակ հազարավոր գրքեր կան. դրանք խոնավանում են, խունանում: Այդ գրքերից շատերը բաժանել ենք մարզային գրադարաններին: Մեծ մասը փրկելու, շրջանառության մեջ դնելու նպատակով որոշեցինք ստեղծել այս անկյունը: Ընթերցողները կարող են գալ, մեր գրադարանին առաջարկել գրքեր, որոնք մեզ մոտ քիչ են կամ առհասարակ չկան, և այստեղից ընտրել իրենց գիրքը»,-նշեց գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը:

Նա շեշտեց, որ անկյունում բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններ կիրականացնեն. Անկյունը կօգտագործեն նաև փետրվարի 19-ին Գիրք նվիրելու օրը:

Սարիբեկյանը տեղեկացրեց, որ անկյունից կարող են օգտվել բոլոր հետաքրքրվածները:

Գրադարանի աշխատակցուհի Լուսինե Սողոմոնյանը, որն այսուհետ աշխատելու է նաև Գրքափոխանակության անկյունում, ասաց, թե գրադարան են այցելում շատ մարդիկ, որոնց հետաքրքրել է անկյունը: «Վստահ եմ, որ արդյունավետ աշխատանք է մեզ սպասում»,- նշեց Սողոմոնյանն ու հավելեց, որ գրքափոխանակության նպատակահարմարությունը կորոշի մասնագիտական հանձնաժողովը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում