Հետաքրքիր տուրեր, համեղ խոհանոց. ուժի մեջ է մտել ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև վիզայի չեղարկման համաձայնագիրը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Չինաստանի միջև մուտքի արտոնագրի պահանջի վերացման նախաձեռնությունը շատ կարևոր է: Այն իր ազդեցությունը կունենա ինչպես զբոսաշրջության զարգացման, այնպես էլ գործարարության ակտիվացման ուղղությամբ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Այս քայլն առաջին հերթին խոսում է երկու պետությունների միջև բարձր մակարդակի հարաբերությունների, փոխադարձ հարգանքի ու վստահության մասին: Ե՛վ տնտեսական, և՛ մշակութային, և՛ զբոսաշրջության տեսանկյունից շատ անհրաժեշտ քայլ է: Երկու երկրների քաղաքացիներն առանց որևէ հերթի, փաստաթղթեր հավաքագրելու, փաստաթղթային գործընթացներ անցնելու կարող են հանգիստ ճանապարհորդել Հայաստան-Չինաստան և հակառակ ուղղությամբ»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Հայ զբոսավարների գիլդիայի ներկայացուցիչ, զբոսավար Լուսինե Վարդանյանը նշեց, որ մինչ վիզայի չեղարկման այս նախաձեռնությունը ակնհայտ նկատվում էր Չինաստանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների այցելության ակտիվացում: Վիճակագրական ծառայության տվյալներով, եթե 2018 թ. հունվար-հոկտեմբերին ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել Չինաստանի 8 հազար 430 քաղաքացի, ապա 2019 թվականին` շուրջ 14 հազար 500: Լուսինե Վարդանյանը տեղեկացրեց, որ Չինաստանից զբոսաշրջիկները Հայաստան են գալիս տարածաշրջանային փաթեթներով: Մեկ այցով նրանք ցանկանում են Հայաստանից բացի հարևան այլ երկրներում էլ լինել:

«Չինաստանից Հայաստան եկող զբոսաշրջիկները հիմնականում կենսաթոշակի տարիքի անձինք են: Նրանք նախընտրում են զբոսաշրջության դասական տարբերակը, այն է՝ այցելություններ պատմամշակութային վայրեր, եկեղեցիներ, թանգարաններ: Հաճույքով համտեսում են հայկական խոհանոցի բազմազան ճաշատեսակները, վայելում են գինին, կոնյակը, հնարավորինս շատ լուսանկարում են ու լուսանկարվում: Չինացի զբոսաշրջիկների հետ որպես անմիջական աշխատող զբոսավար կարող եմ վստահաբար ասել, որ վերադառնում են Հայաստանից տպավորված»,-ասաց Լուսինե Վարդանյանը: Զբոսավարը նկատեց, որ Հայաստան եկած չինացի զբոսաշրջիկներն արդեն բավական շատ թվով երկրներում եղել են, ճանապարհորդության զգալի փորձ ունեն: Ընտրում են Հայաստանը, որովհետև նոր ուղղություններ են փնտրում, որոնք առանձնանում են պատմամշակութային վայրերով, գեղեցիկ տեսարաններով ու համեղ խոհանոցով:

Քանի որ մուտքի արտոնագրի չեղարկմամբ պայմանավորված ակնկալվում է զբոսաշրջիկների հոսք Չինաստանից, հետևաբար չինարենի իմացությամբ զբոսավարների թվի ավելացման անհրաժեշտություն կա: Չինացի զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են չինարենի իմացությամբ զբոսավարների հետ աշխատել:

Բանախոսները տեղեկացրին, որ առաջիկայում այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է նախատեսվում: Հայ զբոսավարների գիլդիան և Տուրիզմի հայկական ֆեդերացիան այս ուղղությամբ համատեղ են աշխատելու: Հայ զբոսավարների գիլդիան այս ոլորտում մեծ փորձ ունի:

Հունվարի 19-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը:

Հայերեն English Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը