Աշխատող ուսանողների վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագիծն արժանացավ հավանության

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովում ներկայացրեցին համահեղինակներ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Այն քաղաքացիները, որոնք ուսմանը զուգահեռ կաշխատեն, նրանց եկամտային հարկը կվերադարձվի ուսման վարձի համար: Սկզբում նախագիծը վերաբերում էր նաև բակալավրիատի ուսանողներին, սակայն, քանի որ առայժմ չի ընդունվել Կրթության մասին օրենքը, այս փուլում նախատեսում ենք այդ կարգավորումը կիրառել մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Նա շեշտեց՝ Կառավարության ծրագրով, ինչպես նաև «Իմ քայլը» դաշինքի ծրագրով խրախուսում են աղքատության հաղթահարումը հատկապես կրթության և աշխատանքի միջոցով: Եվ հենց այս երկու գաղափարներն էլ ներառվում են նախագծում:

Բյուջեի վրա ռիսկերը կանխատեսելի լինելու համար նախագծով նախատեսվում է, որ առաջարկվող արտոնությունը կգործի կառավարության կողմից սահմանված մասնագիտություններում: «Այսօր Հայաստանում կան մի շարք ոլորտներ, որտեղ մասնագետների պահանջարկը շատ մեծ է, սակայն չկան։ Այդպիսի ոլորտներն են ՏՏ-ն, գյուղատնտեսությունը, ճարտարապետությունը և այլն»,-ասաց Գաբրիելյանն ու հավելեց՝ փաստորեն սկզբնական փուլում նախագծով առաջարկվողը կտարածվի միայն որոշակի մասնագիտությունների գծով:

Համահեղինակ Լիլիթ Մակունցն անդրադարձավ նախագծի փիլիսոփայությանը՝ շեշտելով, թե չափազանց կարևոր է, որ խրախուսում են աշխատանքը: «Երբեմն նաև մագիստրատուրայում ուսանողների վարձավճարը հոգում են ծնողները, ընտանիքները, և մենք գտնում ենք, որ այդ տարիքում ուսանողներն այն կարգավիճակում են, որ կարող են և աշխատել և հոգալ իրենց ուսման վարձը: Նաև հոգեբանություն, մոտեցում է ձևավորվում, որը կարող է վարակիչ լինել այլ ոլորտների համար»,-ասաց նա ու նկատեց՝ դա հնարավորություն կտա նաև բակալավրիատում իներցիոն ձևով մասնագիտություն ընտրած անձանց աշխատելուն զուգահեռ փոխել մասնագիտությունն արդեն մագիստրատուրայում:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նկատեց՝ առաջարկվող համակարգը շատ նման է հիփոթեքային վարկերի միջոցով բնակարանների ձեռք բերելուն և վարկի համար վճարվող տոկոսները ետ ստանալու համակարգին: «Սակայն բնակարանաշինության ծրագրի հիմքում դրված է այն թեզը, որ շինարարությունը տնտեսության այն ոլորտներից է, որն ունի բավականին ընդգծված մուլտիպլիկատիվ ազդեցություն: Եվ դրա ծավալների ընդլայնումը գեներացնում է նոր հարկման բազաներ, հետևաբար, նաև նոր հարկային եկամուտներ պետության համար, որի հաշվին այդ վերադարձերը կատարվում են: Նույնը չենք կարող ասել կրթության ոլորտի վերաբերյալ, քանի որ կարճ ժամանակում կրթության ոլորտը չունի այդ մուլտիպլիկատիվ էֆեկտը: Կրթության ոլորտն ազատված է ԱԱՀ-ից, այսինքն՝ այս ոլորտը, եթե այդ նախագծով ունենա որոշակի աճ, առանձնապես նոր հարկման բազաներ չի ձևավորելու, նոր հարկային եկամուտներ չի գեներացնելու: Սակայն այս օրենքի ընդունմամբ մշտական ծախս ենք վերցնում մեզ վրա՝ շարունակաբար այդ գումարները վերադարձնելու»,-ասաց Պողոսյանը:

Նա չհամաձայնեց նախագծով առաջ քաշված այն թեզին, թե դա կստիպի, որ վարձու աշխատողները գործատուներին ստիպեն իրենց գրանցել: Պողոսյանը շեշտեց՝ դա, իհարկե, արատավոր երևույթ է, որի դեմ պետք է պայքարել, սակայն կարծում է, որ առաջարկվող գործիքը դրա հնարավորությունը չի տա:

Նախագիծը հանձնաժողովի նիստում քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում