Մշակվել է կրթության կազմակերպման և իրականացման մեխանիզմների արդիականացման օրինագիծ
3 րոպեի ընթերցում
![Մշակվել է կրթության կազմակերպման և իրականացման մեխանիզմների արդիականացման օրինագիծ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1001195.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երկրում կրթության կազմակերպման և իրականացման մեխանիզմների արդիականացմանը միտված օրենքի նախագծին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 13-ին ընթացող հանձնաժողովի նիստում «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է ոլորտի գործունեության կանոնակարգմանն ու զարգացմանն ուղղված հիմնախնդիրների լուծման, նախադպրոցական կրթության ծառայությունների մատչելիության շարունակականության համար իրավական հիմքեր ապահովելու,ինչպես նաև ՄԱԿ-ի«Փոխակերպենք մեր երկիրը. Մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգում» ներառված չորրորդ, այն է՝«ներառական և բոլորի համար որակյալ կրթության ապահովում, ինչպես նաև ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորության խթանում» նպատակի պահանջներից»,- նշված է օրենքի նախագծում:
Օրենքի ընդունմամբ հնարավոր է դառնում երկրում կրթության կազմակերպման և իրականացման մեխանիզմների արդիականացումը, որոնք համահունչ են ժամանակակից մարտահրավերների կարգավորմանն ուղղված միջոցառումներին:
«Նախադպրոցական ծառայությունների շարունակականության ապահովման, նախադպրոցական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման և մասնագիտական որակի բարձրացման, ատեստավորման, հաստատությունների գործունեության կանոնակարգման և զարգացման նորմատիվային դաշտի, ինչպես նաև վերահսկողության համակարգի ապահովման համար իրավական երաշխիքների, օրենսդրական հիմքի ստեղծում»,- ասաց նախարարը:
«Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կառաջանա ծախսերի ավելացում: