ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին շնորհավորական ուղերձ է հղել Սեբաստիան Կուրցին՝ Ավստրիայի Հանրապետության Դաշնային կանցլերի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ավստրիայի Հանրապետության Դաշնային կանցլերի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Վստահ եմ՝ Ավստրիայի բարեկամ ժողովրդի կողմից Ձեզ տրված վստահության քվեն լավագույնս կծառայի Ձեր գլխավորած կառավարության նպատակների իրագործմանը:
Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարվա մարտին կայացած մեր հանդիպումը Վիեննայում: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարության օրոք մեր կառավարությունների միջև առկա բարեկամական հարաբերություններն էլ ավելի կընդլայնվեն՝ ի բարօրություն հայ և ավստրիացի ժողովուրդների:
Մաղթում եմ հաջողություն Ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում, իսկ Ավստրիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն»: