Հասարակական

Պետք է ընդունել, որ տեղի է ունեցել սխալ. Վարչապետն անդրադարձավ Դավիթ Ափոյանի դեպքին

2 րոպեի ընթերցում

 Պետք է ընդունել, որ տեղի է ունեցել սխալ. Վարչապետն անդրադարձավ Դավիթ Ափոյանի դեպքին

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում խոստովանել, որ շատ դեպքերում ոստիկանությունը, իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչները, պետական ծառայողները չարդարացված ագրեսիվություն են ցուցաբերում մարդկանց հանդեպ:

«Դա կոնկրետ պատճառ ունի՝ դա բավարար կրթության, իրազեկվածության, գրագիտության պակասն է, բայց, որպեսզի մենք այս խնդիրը լուծենք, պետք է առաջին հերթին խոստովանենք դա: Հիմա վերջին օրերին ԵՊՀ-ի դեպքը շատ է քննարկվում, պետք է խոստովանել, որ տեղի է ունեցել սխալ, որն իր հետ պետք է բերի հետևանքներ: Մենք այսօր երկու վիճակ ունենք. մի կողմից այսօր կա չափազանցված ագրեսիվության խնդիր և երբ շատ հետևողականորեն պայքարում ես դրանց դեմ, սկսում է համակարգում չափազանցված պասիվության խնդիր», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կառավարությունը հարցերից չի փախնելու, առերեսվելու է դրանց: «Ոչ մի խնդրից չենք փախնելու. այս երևույթների դեմ և հանուն մարդու իրավունքների պայքարում ոչ մի ավելի շահագրգիռ մարմին, կազմակերպություն չի լինելու, քան կառավարությունը, ես բացառում եմ այդպիսի բան: Զինված ուժերի դեպքերի առնչությամբ Պաշտպանության նախարարից ավելի շահագրգիռ մարդ ՀՀ-ում չի լինելու, դա է նախարարի կոչումը և առաքելությունը: Որ ոստիկանը լինի գրագետ, զերծ մնա անհամաչափ ուժի կիրառումից, դրանից ավելի շահագրգիռ մարդ, քան ՀՀ ոստիկանության պետը, չի լինելու», - ասաց վարչապետը:

Դեկտեմբերի 24-ին ԵՊՀ-ից բերման էր ենթարկվել ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը՝ դեկտեմբերի 20-ին բուհի բակում հնչած կրակոցների գործով։ Նրան տարել էին ձեռնաշղթաներով և ոստիկանական մեծ խմբի ուղեկցությամբ հենց բուհից: Ափոյանը, սակայն, պետք է հարցաքննվեր որպես վկա, իսկ ներկայանալու մասին, իր պնդմամբ, ծանուցում չէր ստացել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում