Այստեղ կյանքը հաղթել է մահին. ՀՀ նախագահը Գյումրիին ուրախությունը վերադարձնելու ժամանակն է համարում
3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում 1988 թվականի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները մեկնարկեցին պատարագով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, առավոտյան հոգեհանգստի պատարագ մատուցվեց Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում:
Սբ Աստվածածին կամ, ինչպես գյումրեցիներն են ասում, Սբ Յոթվերք եկեղեցում պատարագ մատուցվեց ձեռամբ Հայր Գարեգին վարդապետ Հարությունյանի և օրհնությամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի:
Պատարագին ներկա էին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ: Ինչպես միշտ, այս անգամ ևս թեմի եկեղեցիներն ու գերեզմանատները մարդաշատ են: Երկրաշարժից 31 տարի անց մարդիկ այցելում են աղետին զոհ գնացած իրենց հարազատների շիրիմներին: Մարդկանց հոսքը չի դադարում նաև դեպի «Շիրակ» գերեզմանատան անմեղ զոհերի եղբայրական գերեզման, իսկ 11:41-ին քաղաք այցելած բարձրաստիճան պաշտոնյաները, դիվանագիտական ու ուժային կառույցների ներկայացուցիչները՝ գյումրեցիների հետ միասին ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Հուշակոթողի մոտ կատարվեց հոգեհանգստի կարգ՝ թեմակալ առաջնորդի ձեռամբ:
Աղետից 31 տարի անց առկա խնդիրներն իրենց պատճառներն ունեն: Լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով երկրի առջև այս ընթացքում ծառացած դժվարությունները: «31 տարիների ընթացքում ունեցել ենք նաև պատերազմ, հսկայական դժվարություններ, սահմանափակումներ: Սրանք օբյեկտիվ պատճառներն էին, բայց սրանց կողքին պետք է հիշել նաև այս ողբերգությունն ապրած ժողովրդի համբերությունը: Ձեր բեռը ուսերին համբերատար տանում եք, հավանաբար՝ սպասելով այն օրվան, երբ մենք բոլորս միասին, որպես հայ ժողովուրդ կկարողանանքմեր հայացքն ամբողջովին ուղղել դեպի Ձեզ, դեպի հյուսիս»,-նշեց ՀՀ Նախագահը:
Արմեն Սարգսյանը հույս հայտնեց, որ այն ուշադրությունը, որ արդեն կա, կօգնի աղետի գոտու բնակիչներին վերականգնել նախկին ուրախությունն ու կորցրածը: «Եվ, ես հույս ունեմ, որ այն սերը, որ մեր սրտում պահել ենք 30 տարի, այն ջերմությունը, այն հոգատարությունն ու այն մեծ գնահատականը, որունենք Ձեր համբերատարության համար, Ձեր արժանապատվության համար, եկել է ժամանակը, որ վերադարձնենք: Ժամանակը եկել է, որ բոլորս միասին վերականգնենք այս հոյակապ քաղաքը՝ Գյումրին, նաև՝ Սպիտակն ու Վանաձորը: Նորից կյանք ու ուրախություն բերենք: Այստեղ կյանքն իրոք հաղթել է մահին»,-ասաց նախագահ Սարգսյանը:
Արմենուհի Մխոյան