Գավառում ԵՄ դեսպանի, Ռումինիայի Հանրապետության և Բելգիայի թագավորության դեսպանների մասնակցությամբ անցկացվել է «Եվրոպայի օր» միջոցառումը
2 րոպեի ընթերցում

Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիսավորությամբ ու բեմական ներկայացմամբ անցկացվել է «Եվրոպայի օր» միջոցառումը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսը, Բելգիայի Թագավորության և Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններ Էրիկ Դե Մույնքը, Կորնել Իոնեսկուն , ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կաբերսկին, ԵՄ պատվիրակության այլ անձինք, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի անդամները, մարզի կրթամշակութային հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, միջոցառումից առաջ հնչել են Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության օրհներգերը։ Բացման խոսքով հանդես է եկել ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ շնորհավորանքը ներկաներին հղելով հայերեն լեզվով։ Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես է եկել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը․
Այնուհետ հանդիսատեսի դատին է ներկայացվել «Սա Եվրոպան է» բեմականացումը, որը պատմում է Եվրոպական ինտեգրման 75 տարիների քաղաքական ու տնտեսական ձեռքբերումների, խաղաղ զարգացման, այլ հաջողությունների, անվտանգ ու լուսավոր ապագա կառուցելու ծրագրերի մասին։
Ներկայացումը հանդիսատեսի կողմից արժանացել է ջերմ ընդունելության։