Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄԷ դեսպանն ակնկալում է, որ Դուբայ էքսպո ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը կլինի առանձնահատուկ

ԱՄԷ դեսպանն ակնկալում է, որ Դուբայ էքսպո ցուցահանդեսին Հայաստանի 
մասնակցությունը կլինի առանձնահատուկ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին ակնկալում է, որ 2020 թվականին ԱՄԷ-ում կայանալիք «Դուբայ էքսպո» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը կլինի առանձնահատուկ: Ակնկալվում է, որ վեց ամսվա ընթացքում Դուբայը կունենա մոտ 25 միլիոն այցելու։ Ավելի քան 200 մասնակիցներ, այդ թվում 190 երկրներ, հաստատել են իրենց մասնակցությունը միջոցառմանը: Դեսպանն անդրադարձել է նաև ԱՄԷ տեսարժան վայրերին, խոսել է Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից  2019 թվականը հանդուրժողականության տարի հռչակելու նախաձեռնության մասին:

-Արաբական Միացյալ Էմիրությունները համարվում է համաշխարհային տուրիստական գլխավոր ուղղություններից մեկը և հայտնի է իր տեսարժան վայրերով, այդ թվում թանգարաններով։ Ներկայացրեք, խնդրեմ, ԱՄԷ-ում հայտնի թանգարանները։

Ալ-Ային ազգային թանգարանը Արաբական Միացյալ Էմիրությունների ամենահին թանգարանն է, այն հիմնադրվել է 1971 թ․-ին՝  դեռևս Էմիրությունների կազմավորումից առաջ։ Թանգարանը համարվում է երկրի զբոսաշրջության կարևորագույն կենտրոններից մեկը, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ անցյալում այս տարածաշրջանում առկա մշակույթներին և ավանդույթներին։ Թանգարանի հավաքածուն ներկայացնում է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքակրթական դերն ու զարգացումը՝ ներառելով ԱՄԷ տարածքի բնակիչների պատմությունը սկսած դեռևս Ք․Ա․ 6-րդ հազարամյակից։ Այստեղ ներկայացված են կայծքարերից պատրաստված գործիքներ, այդ թվում՝ նետասլաքներ և մանգաղներ։ Թանգարանը լույս է սփռում նավթի հայտնաբերումից առաջ էմիրաթցիների ավանդույթների, սովորույթների և հասարակական կյանքի վրա, ներառում է բազմաթիվ ավանդական նմուշներ, որոնք այցելուին հնարավորություն են տալիս տեսնել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած հսկայական փոփոխությունները։ 

Իթթիհադ թանգարան: 21-րդ դարի կենսունակ բնույթ ունեցող «Իթթիհադ» թանգարանի նպատակը Արաբական Միացյալ էմիրությունների հիմնադրման պատմությամբ իր այցելուներին ոգեշնչելն է։ Այն ներկայացնում է Էմիրությունների հիմնադիրների նվիրումը և ազգային ոգին՝ քաջալերելով բոլորին պետականաշինության գործում հետևել նրանց օրինակին։  Եզակի ճամփորդության միջոցով թանգարանն իր այցելուներին ներկայացնում է տարատեսակ ցուցահանդեսներ, ինտերակտիվ ծրագրեր և կրթական նախաձեռնություններ, որոնք ուսումնասիրում են իրադարձությունների ժամանակագրությունը՝ հասնելով մինչև 1971թ․՝ ԱՄԷ հիմնադրում։ Թանգարանը նպատակ ունի նաև այցելուներին ծանոթացնել էմիրաթական սահմանադրությանը և ներկայացնել երկրի հիմնադրման վերաբերյալ մի շարք փաստաթղթեր և նյութեր։

Շեյխ Զայեդի մեծ մզկիթ: Շեյխ Զայեդի մզկիթը համարվում է աշխարհի ամենամեծ և ամենաճոխ ճարտարապետական լուծումներ ունեցող մզկիթներից մեկը։ Այն աչքի է ընկնում իր 82 գմբեթներով, ավելի քան 1000 սյուներով, 24 կարատ ոսկով պատված ջահերով և հսկայական գորգով, որը համարվում է աշխարհում ամենամեծ  ձեռագործ գորգը: Գլխավոր աղոթարանի սրահում կախված ջահը համարվում է աշխարհի ամենամեծ ջահերից մեկը՝ 10 մետր տրամագծով, 15 մետր բարձրությամբ և մոտ 12 տոննա քաշով։ Մզկիթը կառուցվել է Լուսահոգի Շեյխ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյանի կարգադրությամբ՝ որպես հանդուրժողականություն, խաղաղություն և համակեցություն քարոզող իսլամի ուղերձը մարմնավորող մի խորհրդանիշ։ Այն նպատակ ունի նաև դառնալ իսլամական գիտությունների և մեթոդաբանության փարոս՝ արտացոլելով իսլամական իրական արժեքները:

«Ապագայի» թանգարան։ «Ապագայի» թանգարանը կայունության օրինակ է, որը կսնուցվի արևային էներգիայով և կապահովի էլեկտրական մեքենաների լիցքավորման համար հարմարանքեր:

Թանգարանն իր այցելուներին շրջագայության է տանում դեպի 2035 թ․, որպեսզի տեսնեն մտքի արդյունավետությունն ամրապնդող տեխնոլոգիաների զարգացումը։

Այցելուները կծանոթանան նաև մեր սոցիալական և ընտանեկան կյանքի բոլոր ոլորտներում տեխնոլոգիաների առանցքային դերին և այն ուղիներին, որով տեխնոլոգիան կարող է օգտագործվել սոցիալական և տնտեսական համակարգերը կառավարելու համար:

Թանգարանը նպատակ ունի հիմք դառնալ՝ բացահայտելու առավելագույն մարտահրավերներն ու տեխնոլոգիաները, որոնք կձևավորեն ապագան:

  «Աբու Դաբիի Լուվր» թանգարան: Ֆրանսիայի «Լուվր» թանգարանի և համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիական 13 թանգարանների աջակցությամբ «Աբու Դաբիի Լուվրում» ներկայացված են ժամանակավոր ցուցադրություններ, կենդանի ներկայացումներ և երեխաների համար նախատեսված թանգարան։ Ջան Նովելի ճարտարապետությունը կապում է ցամաքը ծովին՝ կառուցելով քաղաք-թանգարան՝ լի ներդաշնակությամբ և հանգստությամբ։ Թանգարանը ներկայացնում է մարդասիրության էությունը պատմության աչքերով։

Մեքենաների ազգային թանգարան։ ԱՄԷ «Մեքենաների ազգային թանգարանը» համարվում է Աբու Դաբիի ամենակարևոր և առանձնահատուկ թանգարաններից մեկը, որն ունի յուրահատուկ բրգաձև տեսք և գտնվում է Աբու Դաբիից 45 կմ հեռավորության վրա։ Այն  ներառում է մոտ 200 մեքենա, այդ թվում՝ ամերիկյան դասական մեքենաներ, ամենագնացներ, ինչպես նաև աշխարհի ամենամեծ բեռնատարն ու ծիածանի գույներով ներկված «Մերսեդես» մակնիշի մեքենաների հավաքածուն։ Այցելուները կարող են տեսնել նաև բարձրաստիճան պաշտոնյաների մեքենաները, ծանոթանալ և լուսանկարել դրանց մակնիշներն և տեսակները։

 

«Աջման» թանգարանը 18-րդ դարի ամրոց է, որը մինչև 1970թ․ եղել է իշխանական նստավայր։Թանգարանի ցուցանմուշները ներկայացնում են Աջմանի անցյալի մասին ուշագրավ փաստեր, հնադարյան ձեռագրեր, զենքեր, փայտե առագաստանավի նմուշներ և ոռոգման ստեղծարար համակարգեր։ Այնտեղ ամենամեծ հայտնագործությունը հնագիտական գերեզմանոցն է, որտեղ առկա են կավե  սպասք և զարդեր՝  թվագրված մ.թ.ա. 3000 թ.-ին: Թանգարանում մի ամբողջական բաժին նվիրված է մարգարտի առևտրին, որը նախկինում լայնորեն տարածված էր այս տարածաշրջանում։ Ամրոցի շինությունը համարվում է էմիրաթական ավանդական ճարտարապետական արվեստի լավագույն օրինակներից մեկը։

Աբու Դաբիի «Գուգենհայմ» թանգարանը ժամանակակից մշակույթի և արվեստի համաշխարհային հարթակ է։ Ցուցադրության ընդարձակ սրահները տեղակայված են շինության 4 հարկերում, որոնք կապված են իրար ապակյա կամուրջներով։ Յուրաքանչյուր հարկ այցելուներին հնարավորություն է տալիս տեսնել արվեստի եզակի գործեր՝ ներկայացված ժամանակակից հայտնի արվեստագետների կողմից։ Թանգարանը տրամադրում է կրթական ծրագրերի և արվեստի յուրահատուկ նմուշներ պարունակող ցուցադրությունների լայն տեսականի։ Շինությունը հնարավորություն է տալիս իրականացնել  տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ դասախոսություններ, քննարկումներ, սեմինարներ, համերգներ, ֆիլմերի, թատերական ներկայացումների ցուցադրություններ։ Ակնկալվում է, որ թանգարանի բացումը տեղի կունենա 2022թ․-ին։

- Այժմ անդրադառնանք «Դուբայ էքսպո» ցուցահանդեսին, որն անցկացվելու է ԱՄԷ-ում 2020 թվականին։ Ինչո՞վ է առանձնանալու միջոցառումը և ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի մասնակցության ձևաչափը։

«Դուբայ Էքսպո 2020»-ը միջազգային հսկայածավալ իրադարձություն է, որը կամրապնդի Դուբայի դիրքը՝ որպես համաշխարհային կենտրոն՝ ներգրավելով տնտեսական հնարավորությունները։ Այն անցկացվելու է «միավորենք մտքերը և կառուցենք ապագա» կարգախոսի ներքո։ Դուբայը Մերձավոր Արևելքում առաջին քաղաքն է, որը հյուրընկալելու է  նման ցուցահանդես: Ակնկալվում է, որ վեց ամսվա ընթացքում քաղաքը կունենա  մոտ 25 միլիոն այցելու։ Ավելի քան 200 մասնակիցներ, այդ թվում 190 երկրներ, հաստատել են իրենց մասնակցությունը միջոցառմանը, որտեղ միջազգային հանրությունը կհանդիպի Դուբայում մեկ հովանու ներքո` հանուն նորարարության և մարդկային առաջընթացի։ 

Ակնկալում ենք, որ Հայաստանի մասնակցությունը միջազգային այս կարևոր ցուցահանդեսին կլինի առանձնահատուկ, և Հայաստանը միջազգային հանրությանը կներկայացնի իր պատմական և մշակութային հարստությունը, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում գրանցած ձեռքբերումները։ 

-Արաբական Միացյալ Էմիրությունները 2019 թվականը հռչակել է հանդուրժողականության տարի։ Ի՞նչ ակնկալիքներ կան նախաձեռնությունից և ո՞րն է  գլխավոր ուղերձը:

Նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել ԱՄԷ-ի կարգավիճակը՝ որպես հանդուրժողականության համաշխարհային մայրաքաղաք, որի շրջանակներում անցկացվում են մի շարք խոշոր նախաձեռնությունների և նախագծեր, այդ թվում՝ հետազոտական ներդրումներ, հանդուրժողականության վերաբերյալ սոցիալական և մշակութային ուսումնասիրություններ, մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսություն։ Ինչպես նաև այն նպատակ ունի ներկայացնել օրենսդրություն և քաղաքականություն՝ ուղղված մշակութային, կրոնական և սոցիալական հանդուրժողականության արժեքների ինստիտուցիոնալացմանը՝ նպաստելով հանդուրժողականության տարածմանը լրատվամիջոցների միջոցով։ Նախաձեռնության հիմնական ուղերձը հանդուրժողականության արժեքները տարածելն է ամբողջ աշխարհում: Հանդուրժողականությունն ու մարդասիրական եղբայրությունն առիթ են համակեցության արժեքներն ամրապնդելու և ինտեգրումը խթանելու համար, ինչն էլ ամրապնդում է հանդուրժողականության, ներդաշնակության ու խաղաղության արժեքները ԱՄԷ-ի հասարակության բոլոր շերտերի համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]