Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Հայաստանն ի վիճակ է մեգանախագծեր իրականացնել. Փաշինյան

Հայաստանն ի վիճակ է մեգանախագծեր իրականացնել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է իրականացնել մեգանախագծեր, որոնք շատ լուրջ խթան կհանդիսանան տնտեսության համար, Հայաստանն ունի հնարավոր այդ մեգանախագծերի ֆինանսավորման պոտենցիալը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի տարեվերջյան միջոցառմանն իր խոսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օտարերկրյա ներդրումների առումով ունենք որոշակի խնդիրներ, սակայն վերջերս ունեցանք իրավիճակը գնահատելու շատ կոնկրետ չափանիշ: Մենք ունենք ինֆորմացիա, որը որպես գործիք հասանելի է տնտեսական գործունեությամբ զբաղվող միջազգային հանրությանը: Ես նկատի ունեմ եվրոբոնդերի թողարկումը, որն առանձնահատուկ էր նրանով, որ այն Հայաստանի համար ռեկորդային ցածր տոկոսադրույքով տեղաբաշխվեց և Հայաստանի համար ռեկորդային բարձր պահանջարկ ուներ: Մեր թողարկման ծավալը կազմում էր 500 մլն դոլար, բայց պահանջարկը շուկայում գերազանցում էր 2 մլրդ դոլարը: Այստեղ մենք հանգում ենք տնտեսական զարգացման համար հաջորդ ամենակարևոր խնդիրների մեկի լուծմանը: Խոսքը պետության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի մասին է»,-ասաց վարչապետը:

Նա նշեց՝ Հայաստանում կապիտալ ծախսերի իրականացումը միշտ ուղեկցվել է տարբեր կարգի ինստիտուցիոնալ,  ըստ էության, խրոնիկ խնդիրներով: Եվ 2018-ի իրադարձություններից հետո այդ խնդիրը խտացել է ևս մեկ բաղադրիչով՝ կոռուպցիայի դեմ պայքարի բաղադրիչով: Վարչապետը շեշտեց՝ շատ խստապահանջ են: «Մենք այսօր տեսնում ենք, որ ՀՀ-ն այսօր ի վիճակի է իրականացնել մեգանախագծեր, որոնք շատ լուրջ խթան կհանդիսանան տնտեսության համար, և այս առումով կարևոր է կողմնորոշվել այդ նախագծերի հարցում, ճշգրիտ որոշումներ կայացնել, թե հատկապես ինչպիսի նախագծերը առավելագույնս կխթանեն Հայաստանի տնտեսությանը: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ ունենք հնարավոր այդ մեգանախագծերի ֆինանսավորման պոտենցիալ»,-նշեց Փաշինյանն ու հավելեց՝ ամենալավ պոտենցիալն, իհարկե, եվրոբոնդերի նոր հնարավոր թողարկումն է:

Հայաստանի կառավարությունը  ներքին շուկայից նույնպես միջոցներ ներգրավելու մեծ հնարավորություններ ունի, և ներքին ռեսուրսները նույնպես կարող են կիրառվել այս նպատակի իրագործման համար:  Անդրադառնալով Հայաստանում առհասարակ ներդրումներին՝ վարչապետը նշեց՝ չի կարող ասել, որ հասել ենք ներդրումային միջավայրի իդեալական տեսարանի: Նա նկատեց՝ ոլորտում ունենք հանրահայտ և լատենտ խնդիրներ, որոնց լուծումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: «Ինստիտուցիոնալ առումով կարծում եմ, որ տնտեսության զարգացման համար այս պահին ամենամեծ խոչընդոտներից մեկը արժեթղթերի շուկայի չզարգացած լինելն է: Սա խնդիր է ստեղծում թե ընկերությունների, թե քաղաքացիների համար»,-ասաց նա ու գոհունակությամբ նշեց, որ  ՀՀ-ում կան ընկերություններ, որոնք չեն սպասում արժեթղթերի շուկայի զարգացմանը և իրենք նախաձեռնություն են ցուցաբերում, արժեթղթեր են թողարկում և օգնում են խթանել այս դաշտի առավել զարգացմանը

Վարչապետը նշեց՝ Հայաստանում շարունակվում է պահպանվել բարձր տնտեսական տրամադրությունը, և այդ տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնեն  տնտեսական աճի տեմպը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am