Հասարակական

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է արդիականացնել մետրոպոլիտենի շարժասանդուղքները և շարժակազմը

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է արդիականացնել մետրոպոլիտենի շարժասանդուղքները և շարժակազմը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ավելի քան 4 մլրդ դրամի շրջանակում մետրոպոլիտենի շարժասանդուղքների և շարժակազմի արդիականացման և վերազինման ծրագիր իրականացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

«Երևանի մետրոպոլիտենի մասով՝ 4 մլրդ 96 մլն դրամի շրջանակում նախատեսվել է Երևանի մետրոպոլիտենի շարժասանդուղքների և շարժակազմերի արդիականացման և վերազինման ծրագիր: Դրա նախագիծն արդեն մշակված է, և շուտով արդեն կմեկնարկեն այս աշխատանքները, եթե բյուջեն հաստատվի այս տեսքով»,-ասաց փոխքաղաքապետը:

Նա նշեց` 2019-ի համեմատ 2020-ին պետական բյուջեից պլանավորվող մուտքերն ավելացել են 20 մլրդ դրամով: Հիմնական ավելացումը պայմանավորված է վարկային և դրամաշնորհային միջոցների` մյուս տարվա բյուջե փոխանցմամբ: «Ընդհանուր առմամբ ակնկալվում են պետական բյուջեից Երևանի բյուջե 77 մլրդ 976 մլն դրամի մուտքեր, որը բաղկացած է սուբվենցիոն ծրագրերից` պատվիրակված լիազորությունների շրջանակում ակնկալվող ֆինանսավորումներից և բյուջետային համահարթեցման շրջանակում համայնքներին տրամադրվող դոտացիայից»,-նշեց Սարգսյանը:

Երևանի արտաքին լուսավորչության ծրագրով քաղաքապետարանն ակնկալել է ավելի շատ միջոցներ, սակայն ֆինանսավորումը պահպանվել է նախորդ տարվա մակարդակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում